Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյան. ԱԻ նախարարությունը հետեւանքներ վերացնող կառույցից պետք է վերածվի կանխարգելողի

Ֆելիքս Ցոլակյան. ԱԻ նախարարությունը հետեւանքներ վերացնող կառույցից պետք է վերածվի կանխարգելողի

3294
Տարածել

Ապրիլի 19-ին Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մամուլի ասուլիսում ամփոփեց իր պաշտոնավարման 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը:

Այս ժամանակահատվածում 911 ծառայությունը ստացել է մոտ 1 միլիոն ահազանգ: Բացի արտակարգ դեպքերի ու պատահարների մասին զանգերից, լինում են դեպքեր, երբ մարդիկ հետաքրքրվում են ճանապարհների վիճակից կամ առաջիկա օրերի եղանակից: Իսկ անցած վեց ամսվա դեպքերի վիճակագրությունը հետեւյալն է. 2300 հրդեհ, 29 քարաթափում, 43 փլուզում, 2 սողանք, կոմունալ կենսապահովման համակարգերի 13 վթար եւ այլն:

Նախարարի խոսքով, սերտացվել է միջազգային համագործակցությունը տարբեր կառույցների հետ: «Որոնողափրկարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) վերաորակավորմանն ընդառաջ 36-ժամյա վարժանքի ժամանակ հայ փրկարարները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն:

Նախարարի վստահեցմամբ` վերջնականապես կարգավորվել է փրկարարների համազգեստի եւ տեխնիկայի վառելիքի հարցը: Այսուհետ փրկարար ծառայողները կստանան համապատասխան քանակի եւ որակի համազգեստ: Բացի դրանից՝ կառավարության հատկացումներով այս տարի եռամսյակային կտրվածքով նրանց 4 անգամ պարգեւավճար կտրամադրվի՝ աշխատավարձի 100 տոկոսի չափով։

Համալրվել է տեխնիկական պարկը: Ճապոնիայի կառավարության կողմից ԱԻ նախարարությանը հատկացվել է 10 ամենագնաց՝ գույք-սարքավորումներով, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ աշխատանքի արդյունքում Հայաստան է բերվել 18 հրշեջ-մեքենա, եւս 22-ը կժամանեն առաջիկայում։ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից նախարարությանը կտրամադրվի «Կամազ» մակնիշի 26 մեքենա։ Ֆելիքս Ցոլակյանը հավելեց նաեւ, որ հին հրշեջ-մեքենաները, որոնք երկար տարիներ ծառայել են մարզային ջոկատներին, կնվիրաբերվեն հեռավոր եւ բարձրադիր համայնքներին։ Համայնքի բնակիչներից ձեւավորված կամավոր փրկարարների թիմը հնարավորություն կունենա պայքարել հրդեհի դեմ մինչեւ փրկարարների ժամանելը։

Ձմռանը քաղաքացիներին օգնության հասնելու նպատակով ժամանակավոր հենակետեր են տեղադրվել այն մարզերում, որտեղ հաճախ տեղումների պատճառով մեքենաների արգելափակումներ եւ կուտակումներ են լինում:

Սերտացվել է միջազգային համագործակցությունը տարբեր կառույցների հետ: Հայաստանն օգնության ձեռք է մեկնել նաեւ Իրանում ջրհեղեղից տուժածներին՝ նվիրաբերելով վրաններ, մահճակալներ եւ տաք ծածկոցներ։ Գույքն Իրան է տեղափոխել Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Խոսելով ոլորտի խնդիրների մասին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ նախարարությունը հետզհետե հետեւանքներ վերացնող կառույցից պետք է վերածվի կանխարգելողի։ Այս նպատակով անհրաժեշտ է սերտացնել քաղաքացի-փրկարար կապը, կատարելագործել մարդաշատ վայրերում (առեւտրի կենտրոն, ուսումնական հաստատություն եւ այլն) տարհանման պլանների գործնական կիրառության հմտությունները։ ԱԻ նախարարությունն առաջարկում է դպրոցներում ներդնել «Քաղաքացիական պաշտպանություն» առարկան, որը կդասավանդեն Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետներն ու ԱԻ վետերանները։ Օրենսդրական դաշտում հարկավոր է կարգավորել եւ հստակեցնել արտակարգ իրավիճակներում տարբեր գերատեսչությունների գործառույթները։

Բացի սրանից նախարարը հայտարարեց.

Մշակվում է կառավարության որոշման նախագիծ, որում առաջարկվում է բարձրացնել փրկարար ծառայության ոչ սպայական կազմի աշխատավարձը։

Երեւանի «Սարի թաղ» թաղամասում ակտիվացած սողանքի վերահսկողը տվյալ վարչական շրջանի ղեկավարությունն է: ԱԻ նախարարությունն ապահովում է բնակչության անվտանգությունը։

Ոլորտի մասնագետները եկել են եզրակացության, որ հակակարկտային կայանների օգտավետության գործակիցը ցածր է։ Հրթիռային կայանների կիրառումը որոշ տարածքներում սահմանափակ է, օրինակ՝ կարկտահարությունից ամենաշատ վնաս կրող Արմավիրի մարզում, որտեղ տեղակայված է Հայկական ատոմակայանը եւ որի տարածքով իրականացվում են ավիացիոն թռիչքներ։ ԱԻ նախարարը լուծումը տեսնում է գյուղատնտեսական ապահովագրության զարգացման մեջ։

Նուբարաշենի աղբանոցում բռնկվող հրդեհների, դրանց հետեւանքով առողջապահական եւ բնապահպանական վտանգների հարցում նախատեսվում է միջազգայի ծրագրի շրջանակում ստեղծել Նուբարաշենի թունաքիմիկատների ժամանակավոր պահեստարան մինչեւ դրանց ոչնչացումը։ ԱԻ նախարարությունը համապատասխան մարմիններին ներկայացրել է իր առաջարկները։

Հայաստանի ապաստարաններից շատերը սեփականատեր ունեն, ԱԻ նախարարն առաջարկում է պայմանագիր կնքել նրանց հետ, որով վերջիններս կպարտավորվեն կահավորել եւ վերանորոգել կառույցները՝ արտակարգ իրավիճակներում բնակչության մի մասին պատսպարելու պայմանով։

ԱՆի ԱՆՏՈՆՅԱՆ