Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2108
Տարածել

2019 թվականի հունվարի 15-ի տվյալներով, Հայաստանի հանրապետությունում գրանցված է 19 814 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, մարտի 15-ին դրությամբ՝ 19 991, իսկ ապրիլի 15-ի դրությամբ՝ 20 019 արտադրական վտանգավոր օբյեկտ: Տարեսկզբի համեմատ ԱՎՕ-ների քանակն աճել է 205-ով կամ մոտ մեկ տոկոսով, իսկ անցած ամսվա համեմատ 0,07 տոկոսով: Տարեսկզբից մինչ ապրիլի 15-ը Հայաստանում գրանցվել է 205 նոր ԱՎՕ, որից մոտ 50-ը՝ վերելակ: Նաեւ թթվածնի բալոնների պահպանման տեղամաս, կաթսայատուն, տաքացման վառարան, ավտոկռունկ, լողավազանի քլորացման տեղամաս, աղտահանման տեղամաս, կոմպրեսոր, չորացման եւ բովման վառարաններ, բենզալցակայան եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները,կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների 70 տոկոսը վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: