Գլխավոր Ուսուցողական նյութեր Համակարգային արձագանքում՝ ճամբար կառուցելու փոխարեն

Համակարգային արձագանքում՝ ճամբար կառուցելու փոխարեն

2798
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ, ապրիլի 16-19-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվում է «Փախստականներ ընդգրկող արտակարգ իրավիճակներին պատրաստվածությունը, արձագանքումը եւ գործողությունների համակարգումը» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների, ԱԻՆ փրկարար ծառայության Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների, միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպությունների, ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ: Ընդհանուր՝ 30 հոգի: Վերապատրաստման դասընթացի նպատակն է կատարելագործել մարդկային հոսքերի կառավարման մասնագիտական կարողությունները, զարգացնել մարդկային մեծ հոսքերի դեպքում պետական, հասարակական եւ միջազգային կառույցների միջեւ համագործակցությունը:

Դասընթացը վարում են Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանի, Շվեյցարիայի, Հունգարիայի գրասենյակների, ամերիկյան Ինտերուորքս (InterWorks) կազմակերպության պաշտոնյաները:

Աղետների, հատկապես զինված բախումների ժամանակ, արձանագրվում են մարդկային մեծ հոսքեր, տեղաշարժեր: Այսօր աշխարհում կա 68,5 միլիոն տեղահանված անձ, ամեն երեք վայրկյանում տեղահանվածների թիվն ավելանում է մեկով: Երկրները տարբեր են, աղետները տարբեր են, սակայն նման են աղետների ազդեցություննները մարդկանց վրա՝ զոհեր, նյութական կորուստներ եւ այլն: Բանախոսներից Չարլզ Դյուֆրեյնը նկատեց. 2017 թվականին ԱՄՆ-ում Կատրին փոթորիկին արձագանքը ցույց տվեց, որ անգամ գերժամանակակից տեխնիկան ու տիեզերական սաքերը չեն օգնի, եթե չգիտես, հրդեհի ու սողանքի, փոթորիկի ու քարաթափման տարբերությունը, չգիտես, որին ինչպես արձագանքել. «Ուստի՝ սա դասընթաց է, ոչ թե ճամբար կառուցելու, այլ՝ համակարգային արձագանքման հմտությունները կատարելագործելու թեմայով»՝ իրավական դաշտից մինչեւ սանիտարահիգենիկ պայմաններ: Արտակարգ իրավիճակում կարող են աշխատել բազմաթիվ կազմակերպություններ եւ գերխնդիր է իրար չխանգարելը: 2006 թվականին ՄԱԿ-ի, մարդասիրական խնդիրներով զբաղվող այլ կազմակերպությունների նախաձեռնությամբ ստեղծված Մարդասիրական գլոբալ հարթակը (Global Humanitarian Platform՝ GHP) առաջարկում է հումանիտար գործընկերությունը կառուցել հինգ սկզբունքի վրա. հավասարություն, թափանցիկություն, արդյունքակենտրոն մոտեցում, պատասխանատվություն, փոխլրացում:

Քառօրյա դասընթացի ժամանակ քննարկվելու է հարցերի լայն շրջանակ. փախստականների ներհոսքին արձագանքելու իրավիճակում դերակատարները, ռիսկի վրա հիմնված սցենարի պլանավորում, մարդասիրական գործողությունների միջազգային սկզբունքները, կարիքների գնահատում, ճամբարների նվազագույն չափանիշները, ճամբարների այլընտրանքները եւ այլն:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ