Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Թունավորումներ․ ալկոհոլ

Թունավորումներ․ ալկոհոլ

2148
Տարածել

Ալկոհոլը լայն տարածում ունի, օգտագործվում է գրեթե ամենուր, անգամ քաղցրավենիքի, տարբեր ճաշատեսակների մեջ, նաեւ առանձին։ Նման դեպքերում ալկոհոլը վտանգավոր չէ։ Ալկոհոլի չարաշահումն ու տարբեր տեսակներ իրար խառնելն է, որ կարող է թունավորման պատճառ դառնալ։ Առավել վտանգավոր են այն թունավորումները, երբ տուժածը խմել է մեթիլ սպիրտ, որը եւ՛ համով, եւ՛ հոտով նման է էթիլ (բժշկական) սպիրտին։ Արձանագրվել են այս թունավորումից կուրացման եւ մահվան դեպքեր։

Ալկոհոլային թունավորման նշաններն են՝ սպիրտային սուր հոտ, տեսողական խանգարումներ, քնկոտություն, շփոթված, անկապ խոսք, գիտակցության տարբեր աստիճանի խանգարումներ, դանդաղ, անկանոն շնչառություն եւ անոթազարկ, չկառավարվող շարժումներ։

Նման թունավորման դեպքում

Եթե տուժածը գիտակից վիճակում է, հնարավորության դեպքում օգնեք, որպեսզի նա արհեստական փսխում ունենա։ Իսկ դրա համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք թաս, որի մեջ նա կարող է փսխել։ Տուժածին տվեք 2-3 լիտր գոլ ջուր (38-40oC): Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրին ավելացրեք մեկ գդալ կերակրի աղ։ Ջուրը խմելուց հետո առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) տուժածին լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաեւ ինքնաբերաբար՝ մեծ քանակով ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, փոքր-ինչ առաջ թեքված կամ կողքի պառկած՝ գլուխը փոքր-ինչ առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։ Ցանկալի է փսխուքը հավաքել եւ հանձնել ժամանող շտապօգնության անձնակազմին՝ թույնի տեսակը որոշելու համար։ Փսխուքը հավաքելիս հնարավորոթյան դեպքում աշխատեք ձեռնոցներով։

Երբեք մի փորձեք արհեստական փսխում առաջացնել, եթե տուժածը պառկած է մեջքի վրա, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, եթե տուժածն անգիտակից վիճակում է, հղի կին է, սրտային հիվանդ է կամ ցնցումների մեջ է։

  • Տուժածին մեծ քանակությամբ հեղուկ տվեք (ջուր, թեյ, սուրճ, հյութեր եւ այլն)։
  • Եթե համոզված եք, որ տուժածը խմել է մեթիլ սպիրտ, ապա անմիջապես խմեցրեք նրան 100 գ օղի եւ մինչեւ շտապօգնության ժամանումը ամեն երկու ժամը մեկ խմեցրեք 50 գրամ օղի։
  • Ահազանգեք շտապօգնություն, վերահսկեք տուժածի վիճակը, դրանցեք տվյալները եւ դրանք փոխանցեք բժիշկներին։

ՀԻՇԵՔ

Ճիշտ արձագանքը փրկության գրավականն է: