Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հրշեջ-փրկարարները քաղաքացուն իջեցրել են տանիքից

Հրշեջ-փրկարարները քաղաքացուն իջեցրել են տանիքից

2110
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 367 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 137 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 22 կեղծ կանչ:

Փրկարարները 115 կենցաղային կանչ են ստացել, որից 80-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Ավան, Նոր Նորք, Արաբկիր, Կենտրոն, Շենգավիթ վարչական շրջանների եւ Կոտայքի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 9 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 19 մարդ: Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքերից մեկի մատույցներում օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք:

Այլ կանչեր. Մալաթիա-Սեբաստիայի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մի բնակիչ պնդում է, որ ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցներն իրեն անհանգստացնում են, հոգեբան-փրկարար է անհրաժեշտ: Հոգեբան փրկարարը եկել է եւ հոգեբանական աջակ­ցություն ցուցաբերել: Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Իջեւան քաղաքի մատույցներում եղնիկը հայտնվել է վարարած գետում եւ չի կարողանում ինքնուրույն դուրս գալ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները անվնաս դուրս են բերել եղնիկի ձագին եւ հանձնել բնապահպանության եւ ընդերքի տեսչական տարածքային բաժնի աշխատակիցներին, որոնք էլ կենդանուն բաց են թողել անտառ: Արագածոտնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ մի կին բարձրացել է Աշտարակ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի տանիք եւ չի կարողանում իջնել: Հրշեջ-փրկարարները քաղաքացուն իջեցրել են տանիքից: Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Հրազդան քաղաքի թաղամասերից մեկում նռնակ է նկատվել: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի եւ զինված ուժերի սակրավորները հայտնաբերել են մարտական վիճակում գտնվող ձեռքի հակատանկային նռնակ: Ոստիկանները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք: