Գլխավոր ՀՀ ԱԻՆ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Gov Games 2019» առաջնությանը

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Gov Games 2019» առաջնությանը

2181
Տարածել

Ապրիլի 3-6-ը Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացվեց «Gov Games 2019» մարզական առաջնությունը՝ Դուբայի Էմիրության ղեկավար Շեյխ Մուհամեդ իբն Ռաշիդ ալ-Մաքթումի, թագաժառանգ Շեյխ Համդան իբն Մոհամմադ ալ-Մաքթումի եւ Դուբայի գործադիր խորհրդի նախագահի նախաձեռնությամբ։ Ըստ կանոնակարգի՝ առաջնությանը կարող են մասնակցել միայն պետական համակարգի՝ նախարարությունների եւ ուժային  կառույցների աշխատակիցները, որոնք պրոֆեսիոնալ մարզիկներ չեն։ Ելույթ է ունեցել 109 թիմ, այդ թվում՝ հայկական 7-հոգանոց պատվիրակությունը. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից Նորայր Հարությունյանն ու Գեւորգ Խունոյանը, պաշտպանության նախարարությունից՝ Արթուր Հարությունյանն ու Հայկ Հակոբյանը, արտաքին գործերի նախարարությունից՝ Վահե Առաքելյանն ու Գեղամ Ադամյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից՝ Վլադիմիր Հովհաննիսյանը։ Ընդհանուր հաշվարկում «Հայաստանի կառավարություն» թիմը զբաղեցրել է տասնվեցերորդ, իսկ արտասահմանյան թիմերի շարքում՝ երկրորդ հորիզոնականը՝ երեք միավորով զիջելով ամերիկացիներին։

Թիմի ավագ, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության մարտական պատրաստականության եւ ուսուցման կազմակերպման բաժնի հրահանգիչ, փ/ծ լեյտենանտ Գեւորգ Խունոյանի խոսքով՝ մասնակիցների ցանկը հաստատվելուն պես սկսվել են պարապմունքները արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության նախարարությունների մարզադահլիճներում։ Տղաներին մարզելու ցանկություն է հայտնել Կրավ Մագա սպորտաձեւի Հայաստանի ֆեդերացիայի հիմնադիր եւ գլխավոր մարզիչ Սարգիս Բազինյանը, որն ուղեկցել է նրանց ողջ մրցաշարի ընթացքում։

Մրցույթի 9 վարժությունից յուրաքանչյուրի կատարման համար տրամադրվել է առավելագույնս 10 րոպե ժամանակ։ Երեւանի փրկարարական վարչության էրեբունի բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Նորայր Հարությունյանը նշեց՝ ֆիզիկական մեծ ուժ եւ հավասարակշռություն պահանջող վարժությունները հաղթահարելու համար առնվազն մի քանի մարզաձեւի իմացություն էր պետք՝ լող, ծանրամարտ, ժայռամագլցում եւ այլն, իսկ ինտելեկտուալ խաղերի փուլում կարեւոր էր լավ հիշողությունը։ «Նախապես ծանոթացել էինք նախորդ տարվա մրցաշարի վարժությունների անցկացման կարգին եւ նույն ձեւաչափով պատրաստվել։ Սակայն տեղում պարզ դարձավ, որ ծրագիրն ամբողջովին փոխվել է։ Միայն տեխնիկական խնդիրն էր, որ չհաղթեցինք։  Ուրախալի էր տեսնել՝ ինչպես Արաբական Էմիրություններում մեր դեսպանը, հյուպատոսության աշխատակիցներն ու տեղաբնակ հայերը հայկական դրոշերով եկել էին մեզ ոգեշնչելու»,- ասաց Նորայր Հարությունյանը: Թիմերի քայլերթի ժամանակ հայկական պատվիրակության դրոշակակիրը ղազախուհի է եղել եւ խաղերի ողջ ընթացքում իր հերթին երկրպագել հայերին։

Էքստրեմալ մրցաշարից ոչ միայն հաճելի տպավորություններ են մնացել, այլեւ՝ վնասվածքներ։ Չնայած դրան, բաժնի պետի խոսքով,  անվտանգության ապահովումը բարձր մակարդակի էր։ Գեւորգ Խունոյանն ամփոփում է՝ «Gov Games» միջոցառումը մեծ փորձ էր՝ հետագայում տարբեր մարզական նախաձեռնությունների միջոցով մեր հրշեջ-փրկարարական ջոկատների պատրաստականությունը բարձրացնելու համար։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են հայ մասնակիցները