Գլխավոր ՀՀ ՆԳՆ Կունենանք արտակարգ իրավիճակներում արձագանքման ազգային պլան

Կունենանք արտակարգ իրավիճակներում արձագանքման ազգային պլան

3641
Տարածել

ՀՀ Առողջապահության նախարարության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ ջանքերով կազմակերպված հանրային առողջության տեսանկյունից կարեւորություն ներկայացնող ռազմավարական ռիսկերի գնահատմանը նվիրված ազգային աշխատաժողովին մասնակցել են նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները: Քննարկվել են արտակարգ իրավիճակներում արձագանքման ազգային պլանին առնչվող հարցեր. արտակարգ իրավիճակներում արձագանքման առկա համակարգը, արտակարգ իրավիճակներում արձագանքման պլանավորման կոմիտե, արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանավորման ազգային գործընթացի առանցքային ուղենիշներ եւ այլն:

Աշխատաժողովի մասնակցել է նաեւ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դասախոս Հերմինե Նավասարդյանը: Նրա խոսքով, ցանկացած երկրում կարող են լինել քիմիական, վտանգավոր նյութերի արտահոսքով կամ ճառագայթային ֆոնի բարձրացմամբ ուղեկցվող վթարներ, որոնց հետեւանքը տուժածների քանակի աճն է, իսկ սա արդեն հանրային առողջության խնդիր է: Աշխատաժողովի ժամանակ սահմանվել են Հայաստանում հանրային առողջության ոլորտի ռազմավարական ռիսկերը՝ երկրաշարժ, ատոմակայանի վթար, համաճարակներ եւ այլն: Հենց այս ռիսկերի համար էլ կմշակվի արտակարգ իրավիճակներում արձագանքման ազգային պլան՝ ըստ միջազգային չափորոշիչների: Արտակարգ իրավիճակներում արձագանքման ազգային պլանը բազմաթիվ բաղադրիչներ ունի. արձագանքման ազգային կարողությունների գնահատում, հանրային առողջության ռիսկերի նկարագիր, հանրային իրազեկում, ռիսկերի կառավարում, միջազգային առողջապահական կանոններ, մարդկային եւ ֆիզիկական ռեսուրսներ՝ բժշկական հաստատություններ, լաբորատորիաներ, առողջապահության ռազմավարական պաշարներ եւ այլն:

Հայաստանի համար սահմանված է արտակարգ իրավիճակի երեք մակարդակ.  տեղային, տեղային՝ տարածվելու ռիսկով եւ մեկից ավելի շրջանում:

Աշխատաժողովի ժամանակ ներկայացվել է արտակարգ իրավիճակներում գործողությունների պլանի մշակման ուղեցույցի նախագիծը: Շահագրգիռ կառույցները կներկայացնեն իրենց առաջարկները, որից հետո նախագիծը կլրամշակվի եւ կհաստատվի:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ