Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Քարաթափում Տավուշում եւ Սյունիքում

Քարաթափում Տավուշում եւ Սյունիքում

2166
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 295 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 47 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 8 կեղծ կանչ:

Փրկարարները 116 կենցաղային կանչ են ստացել, որից 80-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Նոր Նորք, Աջափնյակ, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջանների եւ Սյունիքի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 15 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 23 մարդ:

Այլ կանչեր. Տավուշի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, ինչի արդյունքում ճանապարհը միակողմանի փակվել է: Փրկարարներն ու ճանապարհը սպասարկող ընկերության աշխատակիցները մաքրել են թափված քարա­բե­կոր­ները, ­ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: Քարաթափման վերաբերյալ ահազանգ է գրանցվել նաեւ Սյունիքում: Ահազանգ ստանալուցմեկ ժամ անց ­ճանա­պար­հն արդեն բացվել է: