Գլխավոր ՀՀ ԱԻՆ Խաչատրյանական երաժշտությունը՝ ԱԻՆ փողային նվագախմբի մեկնաբանությամբ

Խաչատրյանական երաժշտությունը՝ ԱԻՆ փողային նվագախմբի մեկնաբանությամբ

2075
Տարածել

«Փյունիկ» համահայկական հիմնադրամի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ այս ամիս կմեկնարկի «Վերածնունդ» 11-րդ միջազգային մրցույթ-փառատոնը։ Միջոցառմանը հրավիրված է նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փողային նվագախումբը։

Առաջին անգամը չէ, որ ԱԻՆ նվագախումբը մասնակցում է «Վերածնունդ» փառատոնին: Մեր երաժիշտները ոչ միայն մասնակցել են, այլ՝ հաղթել: 2017 թվականին ԱԻՆ նվագախումբը «Զինվորական նվագախումբ» անվանակարգում առաջին մրցանակ է նվաճել, իսկ 2018-ին՝ նույն անվանակարգում՝ Գրան-պրի:

ԱԻՆ փողային նվագախմբի գլխավոր դիրիժոր, փ/ծ գնդապետ Մանվել Ութուջյանի խոսքով՝ երաժշտական ծրագիրն արդեն հաստատվել է, պարապմունքներն ընթացքի մեջ են։ Հանդիսատեսն այս տարի հնարավորություն կունենա վայելելու հատվածներ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» եւ «Դիմակահանդես» բալետներից, Տիգրան Մանսուրյանի «Կտոր մը երկինք» եւ այլ ստեղծագործություններ։

Խոսելով փառատոնի կարեւորության մասին՝ Մանվել Ութուջյանը հպարտությամբ մատնանշեց հայ մանկապատանեկան երգչախմբերն ու նվագախմբերը, որոնք գրեթե պրոֆեսիոնալ մակարդակ են ցուցադրում։ Դիրիժորի կարծիքով՝ նման տաղանդավոր երեխաների համար հարկավոր է պայմաններ ստեղծել հատկապես բանակում ծառայելու տարիներին, հակառակ դեպքում կփոխվի նրանց երաժշտական ընկալումը, կնվազեն գիտելիքները։

Այս տարի ԱԻՆ փողային նվագախումբը փառատոնի մեկնում է ոչ հաղթանակի ակնկալիքով։ Տղաները կատակով նշում են՝ երկրորդ անգամ նույն բարձունքը նվաճելը հետաքրքիր չէ․մրցակից նվագախմբերի թվում նույնպես արժանիները կան։

Հարցին՝ որն է իրենց հաջողության գրավականը, Մանվել Ութուջյանը պատասխանում է՝ ստեղծագործական ոճը․ նույնիսկ խմբային ձեւաչափում երաժիշտները չեն կորցնում իրենց անհատականությունը։

Փառատոնի մանրամասները՝ շուտով։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ