Գլխավոր ՀՀ ԱԻՆ INSARAG-ի վերաորակավորմանն ընդառաջ. Դասընթաց ՃԿՊԱ-ում

INSARAG-ի վերաորակավորմանն ընդառաջ. Դասընթաց ՃԿՊԱ-ում

2501
Տարածել

2015 թվականի սեպտեմբերի 1-4-ը հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը հաջողությամբ անցնելով «Որոնողափրկարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորման վարժանքը, ստացավ քաղաքային որոնողափրկարական՝ ՔՈՓ միջին թիմի որակավորում: INSARAG-ի որակավորում ունեցող թիմերը հինգ տարին մեկ վերաորակավորում են: Մեր թիմի վերաորակավորման վարժանքը նախատեսված է 2020 թվականին: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ապրիլի 8-12-ը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կանցկացվի դասընթաց, որին կմասնակցի մեր ՔՈՓ թիմի 19 անդամ՝ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումներից, աղետների բժշկության կենտրոնից, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից: Նպատակը՝ հարստացնել անձնակազմի տեսական գիտելիքներն ու կատարելագործել գործնական հմտությունները: Հայկական ՔՈՓ թիմի ձեւավորմանն ու կարողությունների զարգացմանը մեծապես աջակցել են Լեհաստանն ու Շվեյցարիան: Ապրիլի 8-12-ի դասընթացը կազմակերպվում է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության աջակցությամբ: Դասընթացի թեմաներն են. «Արտակարգ իրավիճակների ժամանակ միջազգային փրկարարական թիմերի ղեկավարման շտաբ» (USAR Coordination Cell` UCC), «Աղետից տուժած երկրում ընդունման-մեկնման կետի ծավալում» (Reception and Departure Centre` RDC):

ՏԵՂԵԿԱՆՔ

1985 թվականին Մեքսիկայում երկրաշարժը 10 000 մարդու կյանք խլեց, 1988-ին Հայաստանում երկրաշարժը 25 000 մարդու կյանք խլեց: Երկու դեպքում էլ տուժած երկրներին օգնության ձեռք մեկնեցին շատ երկրներ ու միջազգային կազմակերպություններ: Մարդասիրական այս քայլերը ցույց տվեցին, որ, ցավոք, գոյություն չունեն մեծածավալ աղետների դեպքում միջազգային մարդասիրական օգնության տրամադրման եւ համակարգման ընթացակարգեր եւ խնդիր դրվեց ունենալ ինքնաբավ, սեփական միջոցներով 8-10 օր աշխատող փրկարարական թիմեր, որոնք կգործեն նույն ոճով, ինչը կբարձրացնի փրկարարական աշխատանքների արդյունավետությունը, կհեշտացնի տարբեր երկրներից ժամանած փրկարար ուժերի համագործակցությունը: 1991-ին ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի գրասենյակի ներքո ձեւավորվեց «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խումբ»` The International Search and Rescue Advisory Group (INSARAG): Կարգախոսը՝ «Պատրաստվածություն եւ արձագանքում»:

INSARAG-ի չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական` ՔՈՓ, թիմ ունենալու Հայաստանի քայլերը սկսվել են 2004 թվականին: Այսօր աշխարհի ավելի քան 30 երկրի ավելի քան 40 թիմ արդեն ստացել է INSARAG-ի արտաքին որակավորում:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ