Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ մարզիկների նոր հաղթանակները

ԱԻՆ մարզիկների նոր հաղթանակները

2653
Տարածել

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մարտի 30-ին Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացվեց ուժային եռամարտ սպորտաձեւի Հայաստանի առաջնություն։

Ֆեդերացիայի նախագահ, սպորտի վաստակավոր վարպետ Գագիկ Սարոյանի հաղորդմամբ՝ չնայած եղանակի պատճառով ճանապարհների անանցանելիությանը՝ մրցաշարին մասնակցել է 170 մարզիկ՝ բոլոր մարզերից։ Միայն Տավուշի մարզի սահմանամերձ Սեւքար գյուղից 12-հոգանոց թիմ է ժամանել Երեւան։ Մրցույթին մասնակցելու սահմանափակումներ չեն եղել․ դիմել են բուհերի ուսանողներ, ուժային կառույցների աշխատակիցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, նույնիսկ մեկ մարզիկ քրեակատարողական հիմնարկից, որը սահմանել է աշխարհի ռեկորդ։

Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանը 82 կգ քաշային կարգում 620 կգ ընդհանուր արդյունքով դարձել է բացարձակ հաղթող՝ գերազանցելով նախորդ տարի Եվրոպայի առաջնությունում գրանցած իր միավորները։ Ամիսներ առաջ բազմափորձ մարզիկը վնասվածք էր ստացել, սակայն հստակ որոշել ռիսկի դիմել։ «Երբ հարթակ եմ դուրս գալիս, նույնիսկ ամենաուժեղ ատամնացավն ինձ չի կարող խանգարել։ Մարզչիս՝ Արեն Պալյանի հետ առավոտից երեկո պարապել էինք։ Այս հաղթանակը հաստատեց հայկական հավաքականի թիմում իմ տեղը մայիսին Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնության ժամանակ»,- ասաց Զորիկը՝ հավելելով, որ հաջողության գաղտնիքն իր ուժերին հավատացող մարդն է, առաջին հերթին՝ ջոկատի ծառայակից ընկերները, որոնք մինչ կեսգիշեր սպասել են իր վերադարձին եւ անակնկալ արել։

Մրցույթին մասնակցում էր նաեւ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր, ծանրամարտի բազմակի մեդալակիր Գրետա Վարդանյանը, սակայն այս անգամ՝ մարզչի կարգավիճակում։ 2016 թվականին Ռիոյի օլիմպիական խաղերից հետո Գրետան արժանացել է սպորտի վարպետի կոչման եւ արդեն 8 ամիս մարզչական գործունեությամբ է զբաղվում։ Նրա երեք սան երկու արծաթ եւ մեկ բրոնզ նվաճեցին։ «Միայն մաշկիդ վրա պարապմունքների ծանրությունն ու վնասվածքները զգալով՝ կարող ես մարզիչ դառնալ։ 9 հոգանոց թիմ ունեմ, բոլորը խելացի եւ նպատակասլաց երիտասարդներ են, արդեն հասցրել են տարբեր մրցույթներում մրցանակային տեղեր շահել։ Նման արդյունք տեսնելով՝ մոռանում ես ամեն դժվարություն»,- անկեղծացավ Գրետան, որն այս շրջանում զուգահեռ պատրաստվում է հուլիսին պարափաուերլիֆթինգի (հաշմանդամություն ունեցողների ուժային եռամարտ) աշխարհի առաջնության իր ելույթին։

Մանրամասները կներկայացնենք առաջիկայում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մարզիկները