Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հակաճգնաժամային կառավարում․ Փրկարարների վերապատրաստում Ռուսաստանում

Հակաճգնաժամային կառավարում․ Փրկարարների վերապատրաստում Ռուսաստանում

3997
Տարածել

Մարտի 11-23-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիայում անցկացվեց «Արտակարգ իրավիճակներում հակաճգնաժամային կառավարում․ կանխատեսումների եւ մոնիթորինգի կազմակերպում, տիեզերական մոնիթորինգ» թեմայով վերապատրաստման դասընթաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի համար։

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի հաղորդմամբ՝ 6-հոգանոց պատվիրակությունն այցելել է «Արտակարգ իրավիճակներում հակաճգնաժամային կառավարում», տիեզերական մոնիթորինգի, բնակչության իրազեկման եւ ազդարարման, ինչպես նաեւ Նոգինցկի փրկարարների եւ կինոլոգների պատրաստման կենտրոններ,  մասնակցել դասապրոցեսի ЦентрСпас եւ Лидер ուսումնական կենտրոններում, ծանոթացել դասասենյակների պայմաններին։ Տվեր բնակավայրում հայ մասնագետները հետեւել են «Արտակարգ իրավիճակներում հակաճգնաժամային կառավարում» տարածաշրջանային ծառայության աշխատանքին։

Քննարկումների արդյունքում որոշվել է վերանայել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ համագործակցության շրջանակում Հայաստանի փրկարարական ստորաբաժանումներին  2019-2021 թթ․ տեխնիկա, գույք, սարքավորումներ տրամադրելու առաջարկությունները, ինչպես նաեւ փոփոխել ռուսական ուսումնական կենտրոններում հայ փրկարարների վերապատրաստման ձեւաչափը։

Դասընթացի մասնակից, ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի փրկարարական ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանը հիացմունքով վերհիշեց  տիեզերական մոնիթորիգի թվայնացված քարտեզագրման համակարգն ու նորագույն ռոբոտատեխնիկան, որը նախատեսված է որոնողափրկարարական եւ հետախուզական բարդ աշխատանքների համար։ Մանկավարժի աչքից չէր վրիպել նաեւ դասերի ընթացքում լսարանի հետ ինտերակտիվ քննարկումը, ինչը թույլ է տալիս նոր գաղափարներ վեր հանել։

Դասընթացի շրջանակում կազմվել է համագործակցության համաձայնագիր ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության եւ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիաների միջեւ։ Մանրամասները՝ հաջորդիվ։

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 113 ծառայող վերապատրաստման դասընթացների կմասնակցի Ռուսաստանի տարբեր պրոֆիլային ուսումնական հաստատություններում՝ «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիա», «Հակահրդեհային ծառայության պետական ակադեմիա» եւ այլն: Մինչ օրս վերապատրաստվել է 25 փրկարար: Մասնավորաբար Սոչի քաղաքում՝ «Արդյունաբերական լեռնագնացություն» թեմայով:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Տիգրան Պետրոսյանը