Գլխավոր ՀՀ ԱԻՆ Արդյունաբերական լեռնագնացություն. Փրկարարների վերապատրաստում Ռուսաստանում

Արդյունաբերական լեռնագնացություն. Փրկարարների վերապատրաստում Ռուսաստանում

2505
Տարածել

Մարտի 10-22-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացվեց «Արդյունաբերական լեռնագնացություն» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում էին 10 փրկարար՝ Երեւանից եւ մարզերից։

Դասընթացի երկու օր նվիրվել է տեսական պարապմունքներին․ անդրադարձ է կատարվել արդյունաբերական լեռնագնացության վերջին ձեռքբերումներին, գույքին, պարանային տեխնիկայով աշխատանքներին, օրենսդրական կարգավորումներին եւ այլն։ Հաջորդ օրերին գործնականում խաղարկվել են տարբեր արտակարգ իրավիճակներ, եւ հայ փրկարարներն ուսուցանվել են բարձրահարկ շենքերում տեխնիկական աշխատանքներ իրականացնող տուժածին մոտենալու, ամրակապելու եւ տարհանելու հմտություններ: «Արդյունաբերական լեռնագնացության դեպքում փրկարարական գույքն ու աշխատանքներն այլ են: Այստեղ շեշտը դրվում է առաջին հերթին սեփական անվտանգության ապահովման եւ գործողությունների զգուշավորության, ոչ թե՝ արագության վրա, որպեսզի ինքդ տուժածի հետ չհայտնվես փորձանքի մեջ»,- ասաց Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 17-րդ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Վահե Պետրոսյանը։

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել է որակավորման բարձրացման հավաստագրեր։ Բացի դրանից՝ կազմակերպվել են այցեր դեպի Սոչիի եւ Ադլերի քաղաքային շրջանի տեսարժան վայրեր, Օլիմպիական այգի։

Ապրիլի 5-ին Սոչիի ուսումնական կենտրոնում 55-օրյա գործուղումից կվերադառնա նաեւ փրկարար ծառայողների մեկ այլ խումբ, որը վերապատրաստում է անցնում ավելի ծավալուն, թեմատիկ ծրագրի շրջանակում՝ լեռնագնացություն, արդյունաբերական լեռնագնացություն, քաղաքացիական պաշտպանություն, առաջին օգնություն եւ այլն։ Այդ մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 113 ծառայող վերապատրաստման դասընթացների կմասնակցի Ռուսաստանի տարբեր պրոֆիլային ուսումնական հաստատություններում՝ «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիա», «Հակահրդեհային ծառայության պետական ակադեմիա» եւ այլն: Մինչ օրս վերապատրաստվել է 25 փրկարար:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները