Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 51 մեքենա

Արգելափակումից հանվել է 51 մեքենա

2673
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 339 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 123 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 23 կեղծ կանչ:

Փրկարարները 114 կենցաղային կանչ են ստացել, որից 70-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Նոր Նորք, Ավան, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջանների եւ Շիրակի, Սյունիքի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 51 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 61 մարդ:

Այլ կանչեր. Երեւանի Կենտրոն վարչական շրջանի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի վերելակում կասկածելի պարունակությամբ փաթեթ կա: Դեպքի վայր հասած փրկարարները պարզել են, որ փաթեթը դատարկ է: Շենգավիթում ահազանգ է ստացվել, որ Մանթաշյան փողոցի աղբանաններից մեկում զինամթերք կա: Դեպքի վայր է մեկնել քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը եւ հայտնաբերել «РП 46» տեսակի մեկուսիչ հակագազի վերականգնողական ժամկետնանց փամփուշտներ, որոնք իրենցից վտանգ չեն ներկայացնում։