Գլխավոր Միջոցառումներ Կոտայքի մարզի բնակչության պաշտպանության խնդիրները՝ ուժեղ երկրաշարժի դեպքում

Կոտայքի մարզի բնակչության պաշտպանության խնդիրները՝ ուժեղ երկրաշարժի դեպքում

2333
Տարածել

Մարտի 21-ին Կոտայքի մարզպետարանում անցկացվեց «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը Գառնի համայնքում ուժեղ երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Մասնակցում էին փրկարար ծառայության եւ զինված ուժերի ծառայողներ, մարզպե­տա­րանի աշխատակազմի, մարզի արտակարգ իրավիճակների եւ տա­ր­­­­­հան­ման հանձնաժողովների, մարզի ճառա­գայ­թային, քիմիական եւ մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողու­թյան համակարգի հիմ­նարկ­ների աշխատակիցներ, այլ շահագրգիռ անձինք։ Նպատակը՝ կատարելագործել մարզի ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման, աղետի գոտում փրկա­րարական եւ անհե­տա­­ձգելի վթարավերականգնողական աշխա­տանք­ների իրականացման գործում:

Ըստ սցենարի՝ տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Գառնի համայնքում։ Ավերվել են Գառնի, Գողթ, Գեղարդ, Հացավան, Գեղադիր եւ Ողջաբերդ բնակավայրերը, շարքից դուրս են եկել գազամատակարարման եւ էներգամատակարարման համակարգերը, վնասվել են ջրատար խողովակները։ 2500 քաղաքացու անհրաժեշտ է ապահովել տաք սննդով, հագուստով, ժամանակավոր կացարաններով: Բացի դրանից՝ Ողջաբերդ բնակավայրում սողանքային երևույթների ակտիվացման պատճառով փլուզվել է Երեւան-Գառնի ավտոճանապարհի տվյալ հատվածը, տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտում է փրկարարների մուտքն այդ տարածաշրջանի համայնքներ։

Երկրաշարժից կան զոհեր, անօթևան է մնացել մոտ 4500 մարդ։ Փլուզվել է Աբովյանի բժշկական կենտրոնը․ զոհվել է 19 մարդ, վիրավորվել՝ 56-ը: Աբովյան եւ Հրազդան քաղաքներում առաջացել է բարձրահարկ շենքերի փլուզման վտանգ։ Ծաղկաձորում հանգստացողները խուճապահար վիճակում փորձում են վերադառնալ իրենց տուն՝ ճանապարհներին ստեղծելով խցանում եւ դժվարացնելով փրկարարական աշխատանքները։

Շտաբային ուսումնավարժության շրջանակում պատասխանատու անձինք ներկայացրին մարզի ղեկավար կազմի ազդարարման, հետախուզական, որոնողափրկարարական եւ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման, տարհանման ապահովման եւ լոգիստիկայի ընթացակարգը, քննարկվեց տուժած համայնքներ փրկարարների արագ տեղափոխման, տուժածների համար առաջին օգնության եւ դաշտային ստացիոնար բուժման կազմակերպման, ճանապարհների ժամանակավոր վերականգման եւ այլ հարցեր, տարհանված բնակչության կենսաապահովման խնդիրները։

Կոտայքի մարզային փրկարարական վարչության Բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կարեն Մաղաքյանը մտաբերեց՝ ինչպես նախորդ տարի ամռանը Գողթ համայնքի տարածքում քարաթափման պատճառով մեքենաների եւ զբոսաշրջային ավտոբուսների խցանումներ էին առաջացել։ Երկրաշարժի դեպքում նման վտանգներին պատրաստ լինելու համար անհրաժեշտ է վերանորոգել պահեստային ճանապարհը, որն այսօր երթեւեկելու համար նպատակահարմար չէ։ «Աղետի գոտում մյուս ծառայությունների հետ համագործակցության փաստաթղթային լրամշակման կարիք կա։ Ուսումնավարժության ընթացքում մարզպետարանի վարչություններին հրահանգվեց վերանայել բնակչության պաշտպանության իրենց պլանները եւ ներկայացնել զեկուցագրեր»,- ամփոփեց Կարեն Մաղաքյանը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը