Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Թունավորումներ․ բոտուլիզմ

Թունավորումներ․ բոտուլիզմ

2584
Տարածել

Բոտուլիզմը սննդային թունավորում է, մահվան ելքով դեպքերի բարձր տոկոսով։ Բոտուլիզմ հաճախ արձանագրվում է տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից հետո։ Երբեմն բոտուլիզմի դեպքեր են լինում ապխտած մսից եւ ձկնեղենից։

Հողում միշտ կան բոտուլիզմի հարուցիչներ եւ բանջարեղենի կամ մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Ահա թե ինչու է կարեւոր միրգը, բարջարեղենը լավ լվանալը։ Սակայն սա ամբողջական եւ հուսալի պաշտպանություն չէ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները (120 o C եւ 1,2 մթն․ ճնշում) հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպես բոտուլիզմի հարուցիչն ընկնում է պահածոյի մեջ, որտեղ ստեղծվում են բարենպաստ պայմաններ նրա կենսագործունեության համար՝ սննդային միջավայր եւ թթվածնի բացակայություն։ Ինքը՝ հարուցիչը, ոչ մի վտանգ չի ներկայացնում, սակայն արտադրում է շատ ուժեղ թույն՝ բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։ Բոտուլոտոքսին պարունակող սննդամթերքը ո՛չ համով, ո՛չ հոտով, ո՛չ տեսքով չի տարբերվում նորմալ սննդամթերքից, այդ պատճառով օգտագործման ժամանակ անհնար է հասկանալ՝ այն թունավորված է, թե ոչ։

Ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչների՝ բոտուլոտոքսինը շատ ջերմազգայուն է։ Թույնի վնասազերծման համար բավական է օգտագործելուց առաջ 10-15 րոպե եռացնել պահածոյի պարունակությունը։ Կանխարգելման այս պարզագույն միջոցը շատ հաճախ անտեսվում է, ինչը բերում է ճակատագրական հետեւանքների։

Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս սնունդ ուտելուց 15 րոպե անց, սակայն կարող են եւ ավելի ուշ արտահայտվել։ Բոտուլոտոքսինը մարսողական համակարգից անցնում է արյան մեջ, խաթարում նյարդային համակարգի գործունեությունը  եւ առաջացնում մկանների թուլացում (կրծքավանդակի մկաններ, ստոծանու, կոկորդի, ըմպանի, աղիների հարթ մկաններ եւ այլն)։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։ ՀԻմնական նշաններն ի հայտ են գալիս ստորեւ բերված հաջորդականությամբ՝ թուլություն, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն, տեսողության մշուշում եւ երկատում, կոպերի իջեցում, շլություն, խոսքի խանգարում, ձայնի խռպոտություն, կլման շնչառության դժվարացում (ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ), որովայնի փքվածություն։

Բոտուլիզմի նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք շտապօգնություն, առաջացրեք արհեստական փսխում։ Երբեք մի՛ փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումը։ Ցանկալի է փսխուքը հավաքել եւ հանձնել ժամանող շտապօգնության անձնակազմին՝ թույնի տեսակը որոշելու համար, քանի որ գոյություն ունեն բոտուլիզմի հարուցիչի տարբեր ենթատեսակներ, համապատասխանաբար նաեւ տարբեր հակաթույներ։

ՀԻՇԵՔ

Ճիշտ արձագանքը փրկության գրավականն է: