Հրդեհների առաջացման պատճառները շատ են եւ բազմապիսի, սկսած կայծակներից եւ պայթյուններից, վերջացրած էլեկտրական լարերի կարճ միացումներով, հրդեհային անվտանգության կանոնների խախտումներով եւ կենցաղային էլեկտրական սարքերի անսարքություններով:
Բոլորին հայտնի է, թե ինչի է ընդունակ հրդեհ կոչվող չարիքը: Հաշված րոպեների ընթացքում այն կարող է մոխիր դարձնել մարդկանց ունեցվածքը` պատճառ դառնալով նյութական խոշոր կորուստների, իսկ երբեմն էլ` մարդկային զոհերի եւ վնասվածքների: Գարնանը նկատվում է հրդեհների որոշակի աճ հիմնականում հողամասերի մաքրման աշխատանքների ժամանակ, երբ անտեսվում են հրդեհային անվտանգության կանոնների տարրական պահանջները: Թե՛ քաղաքներում, թե՛ գյուղերում մարդիկ սովոր են հավաքված խոտի, ճյուղերի մնացորդները ոչ թե հեռացնել այգուց կամ դաշտից, այլ հենց տեղում այրել: Ոչ ոք չի փորձում պնդել, թե միջավայրի խնամքը, մաքրությունը` սանիտարական վիճակը, կարեւոր չէ, սակայն այդ ամենը պետք է անել անվտանգ եւ թույլատրելի ձեւերով: Հրդեհի առաջացման վտանգն էլ ավելի է աճում, երբ դաշտն ու այգին գարնան աշխատանքներին նախապատրաստելու ժամանակ հավաքված աղբը տեղում այրելուց հետո մարդիկ անխռով հեռանում են՝ մինչեւ վերջ չմարած կրակը թողնելով գարնանային քամու եւ երեխաների քմահաճույքին: Հենց այսպես է կրակը հսկողությունից դուրս գալիս, անարգել տարածվում՝ ընդհուպ մոտենալով բնակելի հատվածին, իրական սպառնալիք ստեղծում: Անցանկալի դեպքերից խուսափելու համար արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է չոր խոտի, տերեւների, ճյուղերի մնացորդների ոչնչացման համար շինություններից, անտառային զանգվածներից անվտանգ հեռավորության վրա առանձնացված տեղեր հատկացնել, այրման ամբողջ ընթացքը հսկողության տակ առնել, վերջում կրակի մնացորդները ջրով հովացնել- հանգցնել, կրակից մնացած ողջ մոխիրը ծածկել հողի շերտով: Իսկ քամիների ժամանակ ընդհանրապես հրաժարվել աղբը այրելու մտքից:
Սպառնալիքի իրական մեծությունը բացահայտելու համար ներկայացնենք մի դեպք, որը տեղի է ունեցել տարիներ առաջ Վայոց ձորի Արենի գյուղում: Գյուղացիներից մեկն իր հողամասի եղեգնի չորուկները վերացնելու նպատակով դրանք այրում է: Ժամանակի ընթացքում կրակն աննկատ տարածվելով շրջապատում է գյուղացուն` փակելով ելքի բոլոր ուղիները: Նույնիսկ համագյուղացիները, որ հասնում են օգնության, ոչ մի կերպ չեն կարողանում մի քանի ժամ առաջ իր հողամասը մաքրելու հանգիստ աշխատանքով զբաղված գյուղացուն հանել կրակի ճիրաններից: Կամ՝ տարիներ առաջ Դիլիջանում 30 հեկտարից ավելի տարածք էր այրվել, քանի որ գյուղացիներից մեկն անփութորեն քամու քմահաճույքին էր հանձնել հողագործական աշխատանքների ժամանակ հավաքված աղբը: Նման դեպքեր գրանցվել են նաեւ Իջեւանում, Նոյեմբերյանում, Եղվարդում, Արտաշատում, Վեդիում, այլուր:
Հրդեհային անվտանգության կանոններն իմանալու պարագայում կարելի է խուսափել նման անցանկալի ու վտանգավոր դեպքերից: Զգուշություն, աչալրջություն, իմացություն ու կխուսափեք եւ՛ հրդեհներից, եւ՛ դրանց պատճառած վնասներից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն