Գլխավոր Միջոցառումներ Դպրոցական վարժանքները փոխում են ծնողների վերաբերմունքը (լուսանկարներ)

Դպրոցական վարժանքները փոխում են ծնողների վերաբերմունքը (լուսանկարներ)

2786
Տարածել

Մարտի 14-ին Երեւանի Ա. Ղարիբյանի անվան թիվ 142 ավագ դպրոցում անցկացվեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Տարհանման մարմինների ծավալումը» թեմայով: Ըստ սցենարի՝  տեղի է ունեցել քիմիական վթար, հարկավոր է վտանգավոր տարածքից տարհանել բնակչությանը։ Տարհանման պատասխանատուները շենքի ներսում ընդունեցին եւ հաշվառեցին բնակիչների դերը ստանձնած աշակերտներին, նրանց ապահովեցին անհատական պաշտպանության միջոցներով։

Դպրոցի տնօրեն Արմանուշ Միրզոյանը կարեւորեց հաճախակի  վարժանքների անցկացումը, քանի որ դրանք դրական ազդեցություն են թողնում ոչ միայն դպրոցի ողջ անձնակազմի, այլեւ ծնողների վրա, որոնց համար իրենց զավակների անվտանգ ուսուցումն առաջնահերթություն է։ «Վարժանքներին մասնակցում են բոլոր աշակերտները։ Ավագ դպրոցականներն ավելի ճիշտ են ընկալում ուսուցողական նյութերը եւ հարցին պատասխանատվությամբ վերաբերվում»,- ասաց տնօրենը։

Դպրոցն ամեն տարի տասնյակ շրջանավարտներ է տալիս, եւ քաղպաշտպանական կազմավորումները համալրելու կարիք է առաջանում։ Արմանուշ Միրզոյանի խոսքով՝ աշակերտները սիրով անդամագրվում են եւ սահմանված պլանով անցնում դասընթացներ։

Մայիսին կսկսվի դպրոցի հիմնանորոգումը:
Ծրագիրը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը։ Տնօրենն ուրախությամբ հաղորդեց, որ այսուհետ աշակերտները հնարավորություն կունենան սեյսմակայուն դպրոցում ուսանելու։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են դպրոցից