Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 61 մեքենա

Արգելափակումից հանվել է 61 մեքենա

2531
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 353 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 139 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Լոռու մարզի Մեծավանի գյուղում բռնկված հրդեհի մարմանը մասնակցել են գյուղապետարանի 2 եւ անտառտնտեսության 5 աշխատակից: Տավուշի մարզի Ենոքավան գյուղի հրդեհի մարմանը մասնակցել է անտառտնտեսության 7 աշխա­տա­կից: Գրանցվել է նաեւ հրդեհի 7 կեղծ կանչ:

Փրկարարները 109 կենցաղային կանչ են ստացել, որից 60-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 61 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 118 մարդ:

Այլ կանչեր. Քանաքեռ-Զեյթունի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ուլնեցու փողոցի շենքերից մեկի մի բնակչի մատանին դուրս չի գալիս մատից: Փրկարարները մատանին դուրս են բերել 36-ամյա տղամարդու մատից: