Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. Բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության պետական մրցանակ

Նախագիծ. Բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության պետական մրցանակ

2666
Տարածել

Հայաստանի հանրապետության արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման եւ իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը մշակել է «Հայաստանի հանրապետության պետական մրցանակների մասին» օրինագիծ, որով առաջարկվում է պետական մրցանակ շնորհել 14 ոլորտում՝ գրականություն եւ հրապարակախոսություն, երաժշտություն եւ կատարողական արվեստներ, կերպարվեստ, թատերական արվեստ, կինոարվեստ, ճարտարապետություն եւ քաղաքաշինություն, ճշգրիտ եւ բնական գիտություններ, հումանիտար եւ հասարակական գիտություններ, աստղաֆիզիկա, դրան հարակից ֆիզիկա, մաթեմատիկա, Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆիզիկական կուլտուրա եւ սպորտ: Եվ երկու անվանակարգ, որ առնչվում են փրկարարներին՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանություն եւ քաղաքացիական  պաշտպանություն, տուժածի փրկության ժամանակ դրսեւորած արիության համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ:

Տուժածի փրկության ժամանակ դրսեւորած արիության համար պետական մրցանակ կարող է շնորհվել փրկության գործում ավանդ ունեցող անձանց, իսկ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական  պաշտպանության պետական մրցանակ կարող է շնորհվել ոլորտների զարգացման, կատարելագործման, նորարարության ու ակնառու գիտական աշխատանքների համար: Ցանկացած ստեղծագործություն, հայտնագործություն (գյուտ) պետական մրցանակի կարող է ներկայացվել միայն մեկ անգամ: Ըստ նախագծի, հաղթողին կընտրի Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մրցանակակիր ընտրող ոլորտային հանձնաժողովը, մրցանակը կշնորհի վարչապետը:

Նախագծով առաջարկվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում որպես Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ շնորհել հուշամեդալ, վկայագիր եւ դրամական պարգեւատրում՝ առավելագույնը 5 000 000 դրամ: Տուժածի փրկության ժամանակ դրսեւորած արիության համար որպես Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ շնորհել հուշամեդալ, վկայագիր եւ դրամական պարգեւատրում՝ առավելագույնը 5 000 000 դրամ:

Պետական մրցանակների հետ կապված բոլոր ծախսերը՝ մրցանակակիր ընտրող հանձնաժողովների գործունեություն, մրցանակաբաշխության կազմակերպում, վկայագրերի, կրծքանշանների, հուշամեդալների, հուշախորհրդանիշների, դիպլոմների, պատվոնշանների տպագրություն-թողարկում, դրամական պարգեւներ եւ այլն, կկլատարվեն պետական բյուջեի, օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ