Գլխավոր Միջոցառումներ ՔՊ վարժանք. Երեւանը սահմանից ավելի հեռու չէ, քան Այգեձորն ու Ստեփանակերտը (լուսանկարներ)

ՔՊ վարժանք. Երեւանը սահմանից ավելի հեռու չէ, քան Այգեձորն ու Ստեփանակերտը (լուսանկարներ)

4085
Տարածել

Մարտի 12-ին Երեւանի Արմեն Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցում անցկացվեց քաղաքացիական պաշտպանության օրվան նվիրված դասախոսություն՝ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ՔՊ ամբիոնի դասախոսներ Գրիգոր Հակոբջանյանի եւ Արայիկ Գասպարյանի գլխավորությամբ: Աշակերտներին ներկայացվեց Հայաստանում կապի եւ ազդարարման ոլորտի վերջին տարիների ձեռբերումները, մասնավորապես՝ 911 եւ 108 հեռախոսահամարների ներդնումը, օդային տագնապի եւ այլ արտակարգ իրավիճակների դեպքում ազդարարման կարգը:

Ցուցադրվեցին դրվագներ 2017 թվականին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ՔՊ օրվան նվիրված մեծ ուսումնավարժությունից, որը եղել է իրականին մոտ: Ֆիլմում դպրոցական կազմավորումների անդամները ներկայացրին իրենց աշխատանքը, համագործակցությունը մյուս ծառայությունների հետ, օդային տագնապի դեպքում նախատեսված տարհանման եւ պատսպարման գործողությունները, շենքը լքելիս անվտանգության պարտադիր միջոցառումները:

Դասախոսության ավարտին դպրոցի տնօրեն Նունե Մանուկյանը կոչ արեց աշակերտներին քաղաքացիական պաշտպանության հարցերին լրջորեն մոտենալ, քանի որ պատերազմը դեռ չի ավարտվել: «Մի կարծեք, որ Երեւանը սահմանից ավելի հեռու է, քան Այգեձորն ու Ստեփանակերտը: Յուրաքանչյուրս պետք է զինվորի պես մտածենք, ում համար դպրոցում նստած աշակերտի կյանքն ավելի կարեւոր է, քան սեփականը: Դուք պետք է ձեր ծնողներին սովորեցնեք՝ ինչպես պաշտպանվել արտակարգ իրավիճակներում», — ասաց տնօրենը:

ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը մտաբերեց 1990 թվականի մայիսի 27-ին Երեւանի երկաթուղային կայարանի միջադեպը, երբ խորհրդային զինվորների եւ հայկական ինքնապաշտպանական ուժերի բախման արդյունքում խաղաղ բնակչության շրջանում վիրավորներ եւ զոհեր եղան: Պրոռեկտորի խոսքով՝ Հայաստանն իր հարեւան պետություններից ամեն պահի թշնամանք կարող է սպասել, որին պետք է պատրաստ լինել:

Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն, Արցախյան ազատամարտի տարիներին մարտական գործողությունների  մասնակից Նունե Մանուկյանն ասաց, որ կարեւորում է հատկապես ուսուցիչների պատրաստվածությունն արտակարգ իրավիճակներին, քանի որ աշակերտներին առաջին ուղղորդողը նրանք են: Մի դպրոցում, որտեղ 1651 աշակերտ  է սովորում, երեխաների անվտանգությունը առաջնահերթ  պետք է լինի: Տնօրենի հաղորդմամբ՝ ուսուցիչները հստակ գիտեն՝ որտեղ են պահվում տարհանման ելքերի բանալիները, ինչպես իրենց դասարաններն անվտանգ դուրս բերել դպրոցից: Շենքի հիմնանորոգման ժամանակ տնօրենի առաջարկով կառուցվածքայհն փոփոխություններ են եղել, պահեստային ելքերը կենտրոնական մուտքից տեղափոխվել են շենքի հակառակ կողմերը:

Դասախոսությանը հաջորդեց տարհանման վարժանք: Դպրոցի բակում ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի մասնագետները ցուցադրեցին հակահրդեհային, փրկարարական, ջրափրկարարական, առաջին օգնության ժամանակակից գույք եւ հանդերձանք: Այս գործիքներով կարելի է արդյունավետ եւ արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին՝ փլատակների տակ, վթարված մեքենայում արգելափձակվածների հանում եւ այլն:

Ինֆորմատիկայի ուսուցիչ Քնար Հովսեփյանի խոսքով՝ նման ուսումնավարժւթյունները երեխաների գիտակցության մեջ պատասխանատվություն են սերմանում: Երիտասարդ ուսուցչուհին նախքան վարժանքն աշակերտների հետ զրուցել էր Սպիտակի երկրաշարժի մասին: Երեխաներին զարմացրել էին փլատակներում որոնողափրկարարական աշխատանքների համար նախատեսված տեսալսողական սարքերը, որոնց շնորհիվ այսօր կարելի է բազմաթիվ զոհերից խուսափել: Ուսուցչուհու խոսքով՝ իր ուսումնառության տարիներին արտակարգ իրավիճակների մասին գիտելիքները սահմանափակ էին, իսկ այսօր աշակերտների համար ստեղծված են իրազեկված լինելու լայն հնարավորություններ:

Փրկարարական ֆակուլտետի դասախոսներ Սուսան Գեւորգյանը  եւ Հերմինե Նավասարդյանը սիմուլյացիոն մանեքենների վրա բացատրեցին սիրտ-թոքային վերակենդանացման գործողությունները, թույլատրեցին երեխաներին առաջին օգնություն «ցուցաբերել»:

Տղաներին հետաքրքրեց հատկապես պարանային տեխնիկան: Փրկարարական ֆակուլտետի դասախոս Անդրանիկ Խաչատրյանի խոսքով՝ աշակերտներից շատերը էքստրեմալ սպորտաձեւերին ծանոթ էին, մասնավորապես՝ զիփլայնին, եւ ունեին բազային գիտելիքներ:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուասանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Քաղաքացիական պաշտպանության օրվան նվիրված այլ վարժանքներ.

Երեւանում, Գեղարքունիքում, Տավուշում

Սյունիքում

Արագածոտնում եւ Կոտայքում 

Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում