Գլխավոր Միջոցառումներ ՔՊ իմացությունն օրեցօր ավելի է կարեւորվում (լուսանկարներ)

ՔՊ իմացությունն օրեցօր ավելի է կարեւորվում (լուսանկարներ)

2453
Տարածել

Երեւանում եւ մարզերում ավարտվեցին Քաղաքացիական պաշտպանության օրվա շրջանակում անցկացվող միջոցառումները։

Մի քանի տասնյակ ուսումնական հաստատություններում կազմակերպվեցին վարժանքներ եւ դասախոսություններ։ Նպատակը մեկն էր՝ բարձրացնել աշակերտների եւ ուսուցչական անձնակազմի պաշտպանությունն ու իրազեկվածությունը՝ հակառակորդի կողմից ռմբակոծության ժամանակ պատսպարման, տարհանման եւ առաջին օգնության ցուցաբերման հարցերում։

Երևանի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանի հաղորդմամբ՝  մայրաքաղաքում կազմակերպվել է երեք ցուցադրական հատուկ տակտիկական, 7 հատուկ տակտիկական ուսումնավարժություն եւ դասախոսություն 17 դպրոցում։ Վարչության պետը նկատեց՝ քաղաքացիական պաշտպանության իմացությունն օրեցօր ավելի է կարեւորվում, ինչի մասին են վկայում փրկարարների հետ սերտ համագործակցությունն ու արտապլանային միջոցառումները։ Միակ խնդիրն այն է, որ դպրոցների ՔՊ կազմավորումների անհրաժեշտ գույքն ամբողջական չէ։

Ուսումնավարժություններն անցել են պլանավորված սցենարով, առանց լուրջ թերությունների։ Որոշ դպրոցներում փրկարարներն աշակերտներին բացատրել են փոխօգնության անհրաժեշտությունը կրթության առանձնահատուկ պայմանների եւ կարիք ունեցող իրենց ընկերների դեպքում։

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Գեւորգ Գալստյանը նշեց, որ որոշ վարժանքների ժամանակ թերացումներ են գրանցվել ուսուցչական անձնակազմի գործողություններում։ Այլ պատկեր է մարզի սահմանամերձ համայնքներում, որտեղ երեխաների անվտանգության հարցն առաջնային է։ Նախորդ տարի Վահան գյուղի դպրոցի համար կառուցվել է պարզագույն թաքստոց եւ իրականացվել պատսպարման վարժանք։ Թաքստոցների անհրաժեշտություն կա Վարդենիսի տարածաշրջանի սահմանամերձ համայնքներում։

Տավուշի մարզում նախորդ շաբաթ անցկացվել է քաղաքացիական պաշտպանությանը նվիրված 4 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, երկուսը՝ սահմանամերձ համայնքներում, դասախոսություններ 8 դպրոցում։ «Մեր երեխաները ամեն ինչից տեղյակ են՝ երբ եւ որ ուղղությամբ է հակառակորդը կրակում, ինչ պետք է անել։ Սահմանամերձ համայնքներում, որտեղ քիչ աշակերտներ կան, հիմնականում փրկարարական եւ հակահրդեհային կազմավորումներն են գործում․ դրանք ապահովված են առաջնային գույքով»,- մանրամասնեց մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Վաղինակ Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակների վերաբերյալ ցանկացած քննարկման ժամանակ գյուղական համայնքների դպրոցականները բազմաթիվ հարցեր են տալիս՝ ի տարբերություն քաղաքաբնակների։ Պատճառը, հավանաբար, այն է, որ սահմանամերձ համայնքներում ապրող գրեթե բոլոր ընտանիքներում զինվորական կամ փրկարար ծառայող կա, եւ զգուշավորությունը նրանց կյանքի անբաժան մասն է։

«Հայաստանի մանուկներ» եւ «Պահապան» զարգացման հիմնադրամների, Հայկական կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ, Տավուշի մարզի դպրոց-մանկապարտեզներում արդեն կառուցվել են 8 խաղասրահ-թաքստոց՝ անվտանգ խաղասենյակ։ Նախաձեռնությունը շարունակական է։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները

ՔՊ օրվան նվիրված որոշ միջոցառումներ.

Սյունիքում

 Արագածոտնում եւ Կոտայքում 

Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում