Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Կասկածելի տոպրակում հուշանվերներ էին

Կասկածելի տոպրակում հուշանվերներ էին

2323
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 305 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է  90 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 13 կեղծ կանչ:

Փրկարարները 121 կենցաղային կանչ են ստացել, որից 75-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Աջափնյակ, Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջանների եւ Տավուշի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 20 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 35 մարդ:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Պուշկինի փողոցի բակերից մեկում կասկածելի տուփ է դրված: Դեպքի վայր հասած փրկարարները պարզել են, որ հայտնաբերվածը պոլիէթիլային տոպրակ է, որի մեջ՝ պարանով կապված ստվարաթղթե արկղ: Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը բացել է ստվարաթղթե արկղը, որում եղել են կերամիկական ծաղկամաններ եւ հուշանվերներ: Նոր Նորքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ մատանին մնացել է 4 տարեկան երեխայի մատին: Ծնողները երեխային մոտեցրել են հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոն, փրկարարները մատանին դուրս բերել մա­տից: