Գլխավոր Վերլուծություն Հայկանդուխտ Ղարիբյան. Համեստ, աշխատասեր, բարի եւ վեհ կինն է գեղեցիկ

Հայկանդուխտ Ղարիբյան. Համեստ, աշխատասեր, բարի եւ վեհ կինն է գեղեցիկ

3308
Տարածել

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը մեկն է այն կանանցից, որոնք չեն վախեցել տեխնիկական գիտության ճանապարհն ընտրել։ «Մյուս մասնագիտություններն իմը չէին, ես ցանկանում էի մտածող կին լինել, անընդհատ զարգացող ոլորտում իմ ներդրումն ունենալ։ Սկզբում որպես ինժեներ էի աշխատում գիտահետազոտական ինստիտուտում, Խորհրդային միության փլուզումից հետո ընտրեցի մանկավարժությունը։ Երեխաների շատ էի սիրում, սկսեցի դպրոցահասակների հետ պարապել»,- պատմում է պրոռեկտորը։

2006-2008 թվականներին՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում աշխատելիս, ծնվեցին իր երեք գյուտը։ Ամեն անգամ, երբ Հայկանդուխտ Ղարիբյանն ուսանողների հետ հիդրոէլեկտրակայաններ այցի էր գնում, նրան հանգիստ չէր տալիս այս կառուցվածքում էներգիայի խնայման միտքը։  Ոլորտի մասնագետների հետ հարցուփորձի, մասնագիտական գրականության դժվար փնտրտուքների եւ գրադարաններում անցկացված երկար ժամերի շնորհիվ կարողացավ աշխարհին ներկայացնել իր աշխատանքները՝ երկու նոր տրանսֆորմատոր եւ տրանսֆորմատորի մագնիսապարփակիչ։ Տեխնիկական մասնագիտություններ ընտրած կանանց իր խորհուրդը մեկն է՝ լինել աշխատասեր, նվիրված, երբեք չընկրկել դժվարություններից: Վստահ է՝ կանայք կարող են ամեն գործից պատվով դուրս գալ։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան պրոռեկտորի երկրորդ տունն է, ուսանողներն՝ իր երեխաները։ Ժպիտով նշում է՝ բոլորից շատ զավակներ ինքն ունի։ Տարբեր մասնագիտություններով հազարավոր ուսանողներ է Հայկանդուխտ Ղարիբյանը ճանապարհել նոր կյանք․ նրանք բոլորը փրկարարի հոգեբանությամբ են մեծացել՝ պատրաստ ամեն պահի վտանգել իրենց կյանքը՝ դիմացինին փրկելու համար։ Այստեղ աշխատելու տարիներին տիկին Ղարիբյանը հեղինակել է իր երկու ուսումնական ձեռնարկներն ու բազմաթիվ գիտական հոդվածները, ակտիվ մասնակցություն ունեցել ակադեմիայի գրադարանի համալրմանը։ «Այսօրվա երիտասարդությունը շատ լավն է, պարզապես պետք է հանդուրժող լինել եւ հետները լեզու գտնել։ Նրանք մեր հույսն են, երկրի տերը։ Միակ բանը, որ մենք՝ մանկավարժներս, կարող ենք նրանց համար անել, ճիշտ գիտակցություն ձեւավորելն է, եւ երեխան ինքը կգտնի ճանապարհը»,- ասում է պրոռեկտորը՝ ժպիտով հավելելով՝ թեեւ իր՝ «Ընդհանուր էլետրատեխնիկա» առարկան դժվար է, սակայն ուսանողները սիրով են պատրաստվում։ Էլ ի՞նչ է պետք դասախոսին երջանիկ զգալու համար։

Ի պատասխան հարցին՝ ինչպես է հաջողում աշխատանքային ծանրաբեռնվածությանը զուգահեռ միշտ գեղեցիկ տեսք ունենալ, Հայկանդուխտ Ղարիբյանը նշում է՝ որքան քիչ ժամանակ է ունենում, այնքան շատ բան է հասցնում։ Նրա կարծիքով՝ շպարը դեռ գեղեցկության երաշխիք չէ․ համեստ, աշխատասեր, բարի եւ վեհ կինն է գեղեցիկ։

Վերջին տարիներին պրոռեկտորի ուշադրությունը գրավել է հատկապես ժամանակի գոյության փիլիսոփայությունը։ Յուրաքանչյուրիս ամեն օրվա համար 24 ժամ է տրված, բայց արդյո՞ք մենք այն ճիշտ ենք օգտագործում։ Հաճախ ապագայի հետեւից ընկնելով՝ մոռանում ենք ներկան, որը, դասախոսի համոզմամբ, Աստծո պարգեւ է։ Ժամանակի մասին մոտ 257 հեղինակի՝ մեծագույն մտա­ծող­ների, գիտնականների, հասարակական–քաղաքա­կան գործիչների եւ այլոց խորիմաստ մտքերը տեղ են նրա աֆորիզմների գրքում, որը շուտով կհանձնվի ընթերցողին։ 64 աֆորիզմ իր հեղինակայինն են․ «Ինձ միշտ թվում է, որ ժամանակը չի հերիքում, պարզապես նույն ժամանակում անելիքներս են շատացել։ Կոկո Շանելն ասում էր՝ երկու ժամանակ կա՝ աշխատելու եւ սիրելու, ուրիշը գոյություն չունի։  Պետք է գնահատենք կյանքի ամեն պահը»։

Աշխատանքից դուրս Հայկանդուխտ Ղարիբյանն իրեն թույլ է տալիս փոքր-ինչ հանգստանալ՝ ձեռագործ աշխատանքների մթնոլորտում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

www.911tert.am-ը շնորհավորում է բոլոր կանանց Մարտի 8-ի առիթով եւ մաղթում՝ խաղաղություն, երջանկություն, իղձերի իրականացում: