Գլխավոր Միջոցառումներ Անցկացվեց մոնիտորինգային գործիքի կիրառման թեմայով երկրորդ դասընթացը

Անցկացվեց մոնիտորինգային գործիքի կիրառման թեմայով երկրորդ դասընթացը

2599
Տարածել

Մարտի 4-ին եւ 5-ին Աղվերանում անցկացվեց «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության տեղեկատվական կառավարման համակարգի ուսուցում» թեմայով երկրորդ հրահանգչային դասընթացը, որին մասնակցում էին տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ մարզպետարանների ներկայացուցիչներ։ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից մասնակցում էին գործերի կառավարիչ, Ճգնաժամային կառավարման ամբիոնի դոցենտ Արտավազդ Հովհաննիսյանը եւ փրկարարական ֆակուլտետի դասախոս Անդրանիկ Խաչատրյանը:

Այս թեմայով առաջին դասընթացն անցկացվել էր փետրվարի 25-27-ը, մասնակցել են ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների եւ «Աղետների ռիսկի նվազեզման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչներ:

Երկրորդ դասընթացի ժամանակ քննարկվել են Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության մոնիտորինգային համակարգը, ԱՌՆ Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագիրը, հակասելավային ինժեներապաշտպանական միջոցառումները, վարժանքների կազմակերպման համար մշակվող առանցքային փաստաթղթերը, ներկայացվել է ԱՌԿ ազգային ռազմավարության տեղեկատվական կառավարման համակարգի մոնիտորինգի էլեկտրոնային գործիքի բովանդակությունը, հնարավորությունները։ Մասնակիցները գործնականում կիրառել են այն եւ համակարգն ավելի դյուրըմբռնելի դարձնելու առաջարկներ ներկայացրել:

ԱՌՆԱՊ ներկայացուցիչ Մերի Սարուխանյանի հաղորդմամբ՝ ներկայացուցիչները մտավախություն էին հայտնել, որ համակարգի գործարկումով իրենց աշխատանքը կկրկնապատկվի։ Սակայն նրանց բացատրվել է, որ դա ընդամենն անցում է թղթային հաշվետվությունից համապարփակ առցանց ձեւաչափի, որը որոշակի սահմանափակումներով հասանելի կլինի նաեւ ազգաբնակչությանը։ Մարդիկ կարող են տեղեկանալ՝ ինչպիսի քայլեր են ձեռնարկվում իրենց համայնքներում աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է ԱՌՆԱՊ հիմնադրամը