Գլխավոր Միջոցառումներ Սահմանամերձ համայնքների դպրոցների ՔՊ կարողությունների զարգացումը՝ օրակարգային խնդիր

Սահմանամերձ համայնքների դպրոցների ՔՊ կարողությունների զարգացումը՝ օրակարգային խնդիր

719
Տարածել

Ըստ ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 713 որոշման՝ Սյունիքի մարզում 83 սահմանամերձ համայնք կա։ Արցախյան ազատամարտի տարիներին Ադրբեջանի կողմից ռմբակոծության հետեւանքով ամենաշատ զոհերն ու վնասները կրել է Կապան քաղաքը։ Եթե անկախության տարիներից ի վեր Սյունիքի քաղաքային համայնքների բնակչությունն ավելացել է՝ ըստ մարդահամարի վերջին արդյունքների, ապա նույնը չի կարելի ասել գյուղերի մասին։ ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնի դասախոս Վ․Պոտոսյանի՝ 2017 թվականին կատարած ուսումնասիրության համաձայն՝ մարզի 72 սահմանամերձ գյուղական համայնքից ընդամենը 5-ում է հազարից ավելի մարդ ապրում՝ մարզի սահմանամերձ գյուղական բնակչության մոտ 38%-ը: Մինչեւ 200 բնակիչ ունի սահմանամերձ 44 գյուղ, որոնցից 26-ը` մինչեւ 100 բնակիչ: Սյունիքի մարզը Հայաստանի եւ Արցախի համար ռազմավարական նշանակություն ունի, ուստի՝ սահմանամերձ գյուղերի այսպիսի փոքր միջին մարդաքանակը լուրջ հիմնախնդիր է։

Նույն զեկույցի համաձայն՝ գյուղերի միջին մարդաքանակը կտրուկ փոքրանում է ծովի մակարդակից 1000 մ-ից բարձր սահմանամերձ տարածքներում։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի՝ 1801–2000 մ բարձրության գոտում գտնվող սահմանամերձ գյուղերի միջին մարդաքանակը (690 մարդ) 5,9 անգամ գերազանցում է Սյունիքի մարզի համապատասխան ցուցանիշին (116 մարդ)։

Փակման վտանգի առջեւ են Սյունիքի սահմանամերձ, լեռնային, սակավաթիվ բնակչություն ունեցող համայնքների դպրոցները։ Քիչ աշակերտներ ունեցող դպրոցների թվով Սյունիքն առաջին մարզն է, ամեն 7-րդ դպրոցում 10-ից քիչ աշակերտ է սովորում, իսկ ամեն 2-րդում՝ 50-ից քիչ:

Սահմանամերձ գյուղական բնակավայրերի մարդաքանակի վերաբերյալ վերլուծության արդյունքները վկայում են, որ այս համայնքների սոցիալ-տնտեսական առաջընթացը, մարդաքանակի ավելացումը երկրի պաշտպանության առաջին երաշխիքն են։

Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր լիազորությունների շրջանակում տարիներ շարունակ ձեռնամուխ է լինում սահմանամերձ համայնքներում, հատկապես՝ ուսումնական հաստատություններում քաղաքացիական պաշտպանության ամրապնդմանը, քանի որ խոշոր աղետների ժամանակ երեխաներն առավել խոցելի են։

Մարտի 1-6-ը «Դպրոցի աշակերտների պատսպարման կազմակերպումն օդային տագնապի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ են անցկացվել Կապանի թիվ 3, 5, Քաջարանի թիվ 1, Մեղրիի թիվ 1 միջնակարգ, Կապանի թիվ 5, 6, Գորիսի թիվ 3, Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցներում։

Սյունիքի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ռոմա Սահակյանի խոսքով՝ սերտ է վարչության եւ սահմանամերձ համայքապետարանների համագործակցությունը։ Մշտապես ուշադրության կենտրոնում են ապաստարաններն ու հակաճառագայթային թաքստոցները, շենքերի նկուղները, որոնց վերահսկողությունը ստանձնել են բնակիչները։ Մշտական է կապը սահմանամերձ համայնքների դպրոցների հետ, զինղեկներին պարբերաբար տրամադրվում է գրականություն եւ մեթոդական օգնություն, իսկ վերջիններս տարեկան մի քանի անգամ բարեխղճորեն իրականացնում են տարհանման եւ պատսպարման թեմայով վարժանքներ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը

Քաղաքացիական պաշտպանության օրվան նվիրված այլ միջոցառումներ.

Մարզերում

Երեւան. «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում