Գլխավոր ՀՀ ՆԳՆ Ճապոնական առաջին 10 մեքենան հանձնվեց փրկարարներին (լուսանկարներ)

Ճապոնական առաջին 10 մեքենան հանձնվեց փրկարարներին (լուսանկարներ)

2004
Տարածել

Տեղեկացրել ենք, որ հայ-ճապոնական «արտակարգ» համագործակցության շրջանակներում Հայաստանը այս տարի կստանա 50 ավտոմեքենա։

Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի եւ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադայի մասնակցությամբ, նախարարությանը հանձնվեցին առաջին 10 մեքենան՝ Նիսսան (Nissan) մակնիշի ամենագնացներ, որոնք կարող են աշխատել Հայաստանի լեռնային շրջաններում: Այս մեքենաներով կարելի է ավելի արագ արձագանքել կենցաղային կանչերին, ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ահազանգերին, իսկ առկա փրկարարական գույքի մեջ կան հիդրավլիկ գործիքներ, որոնք մեծապես կթեթեւացնեն վթարված մեքենայում արգելափակված մարդկանց ազատելու, ծանր առարկաներ տեղաշարժելու գործը: Մեկական մեքենա կտրամադրվի Տավուշի, Լոռու, Սյունիքի եւ Շիրակի մարզերի քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմերին, մնացած վեցը՝ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնին:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով, մնացած 40 մեքենան Հայաստանում կլինեն մինչեւ մայիս՝ 1 շարժական արհեստանոց, 3 ավտոսանդուղք, 36 հրշեջ մեքենա: Սրանից բացի, այս տարի հրշեջ մեքենաներ ենք ստանալու նաեւ Ռուսատանից։ «Մեր ավտոտնտեսությունը կթարմանա եւ կարելի է ասել, որ մենք հրշեջ մեքենայի կարիք չենք ունենա։ Մենք ակնկալում ենք այս տարի 100-ից ավելի մեքենա ստանալ», — հայտարարեց ԱԻ նախարարը։

Դեսպան Ջուն Յամադան էլ ասաց, որ Հայաստանին տրամադրվող մեքենաներն ու գույքը արտադրվել են 2011 թվականի երկրաշարժից տուժած Միյագի պրոֆեկտուրայում եւ ստացվում է, որ Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանն ուղղված ծրագիրը նպաստում է Ճապոնիայի երկրաշարժից տուժած շրջանների վերականգնմանը։

Արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման, աղետակայուն հասարակություն ձեւավորելու ոլորտում հայ-ճապոնական համագործակցությունը սկսվել է 1991 թվականից։ Անցած 28 տարում Ճապոնիան այս ոլորտում 436 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին՝ տեխնիկական օգնություն, դրամաշնորհներ, վարկեր։

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ