Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 2562 մեքենա

Արգելափակումից հանվել է 2562 մեքենա

999
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 329 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 72 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 16 կեղծ կանչ:

Փրկարարները 103 կենցաղային կանչ են ստացել, որից 70-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Շենգավիթ, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների եւ Լոռու փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված(դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատարծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 2562 մեքենա է հանվել երթեւեկելի հատված:

Խոշոր արգելափակում է գրանցվել գարնան առաջին օրը Սյունիքում: ժամը 12:13-ին փրկարարներն ահազանգ են ստացել, որ Հարժիս գյուղի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երեւան հատվածի 12-րդ կմ-ում եւ Սիսիան-Գորիս հատվածի 28-րդ կմ-ում արգելափակված են մի քանի տասնյակ ավտոմեքենա: Ավելի քան տաս ժամում հրշեջ-փրկարարները նշված տարածքներից արգելափակումից դուրս են բերել մոտ 2500 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, 30 քաղաքացի տեղափոխվել են ՊՆ թիվ N զորամաս՝ գիշերակացիՓրկարարական աշխատանքներին մասնակցել են 62 փրկարար ծառայող, իսկ տարածքում սահմանվել է հերթապահություն: Հաջորդ օրվանից դարձել է երկկողմանի երթեւեկելի: