Գլխավոր Միջոցառումներ ԵՓՎ պետ. Գովելի է, որ մեզ խնդրում են հաճախակի ուսումնավարժություններ կազմակերպել

ԵՓՎ պետ. Գովելի է, որ մեզ խնդրում են հաճախակի ուսումնավարժություններ կազմակերպել

1882
Տարածել

 

Քաղաքացիական պաշտպանության օրվան՝ մարտի մեկին նվիրված ծրագրի շրջանակում մարտի 1-6-ը ԱԻՆ Փրկարար ծառայության Երեւանի վարչությունը կկազմակերպի մոտ 3 տասնյակ միջոցառում՝ ցուցադրական հատուկ տակտիկական, հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, դասախոսություններ տարբեր թեմաներով՝ «Անձնակազմի եւ աշակերտների պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում», «Խոցման օջախում փրկարարական աշխատանքների կազմակերպումը», «Ազդարարման կարգը եւ անձնակազմի գործողությունները ՔՊ ազդանշանների համաձայն», «Թշնամու օդուժի հարձակման դեպքում աշխատակիցների եւ այցելուների պաշտպանությունը, կազմավորումների գործողությունները եւ հրդեհաշիջման կազմակերպումը» եւ այլն:

Մարտի 1-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացվեց ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով։ Մասնակցում էին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ԱԻ արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից (ՀՆՓԱԻԿ) մեկ հաշվարկ, ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը, ‹‹Աղետների բժշկության կենտրոնի›› պարամեդիկների խումբը, Երեւան քաղաքի փրկարարական վարչության Աջափնյակ բաժնի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ, շտապօգնության, ոստիկանության եւ այլ ծառայությունների ներկայացուցիչներ։
Ըստ սցենարի՝ հակառակորդը խախտել է հրադադարը եւ տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծում է Հայաստանի սահմանամերձ գյուղերը: Հայաստանի օդային սահմանը հատած 4 ռմբակոծիչ ինքնաթիռից մեկը կարողացել է վնասել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շենքը։ Ուսումնավարժությունն անցկացվեց 2 տեղամասում։ Առաջին տեղամասում շենքը զգալիորեն վնասվել էր, առաջացել էին հրդեհներ, փլուզումներ։ Ծխապատ գոտուց դուրս գալիս 2 աշխատակից մնացել էին 6-րդ հարկում, կար 2 տուժած, իսկ 4-ը դուրս էին եկել պատշգամբ՝ օգնության ակնկալիքով։ «Օդային տագնապ» ազդանշանից հետո կենտրոնի անվտանգության պետը կազմակերպեց առաջին հարկում գտնվող 700 աշխատակցի պատսպարումը, ապա տարհանումը անվտանգ վայր: Առաջին օգնության կազմավորումը ծավալեց առաջին օգնության եւ տեսակավորման կետ, տուժածներին ցուցաբերվեց համապատասխան օգնություն։ Հակահրդեհային կազմավորումը փրկարարների հետ միասին իրականացրեց հրդեհաշիջում: Արգելափակված տուժածները, որոնցից 3-ը՝ տարբեր վնասվածքներով, պարանների միջոցով դուրս բերվեցին շենքից։
2-րդ ուսումնական տեղամասում ներկայացված էր ռմբակոծության հետեւանքով փլուզված շենքի մի հատված․ փլատակներում կային տուժածներ։ Բացի դրանից՝ գլխավոր մասնաշենքի հարակից տարածքում հայտնաբերվել էր չպայթած ավիառումբ։ Փրկարարները հիդրավլիկ հատուկ գործիքների կիրառմամբ փլատակներում հայտնված մեքենայից դուրս բերեցին տուժածին, իսկ ինժեներասակրավորային խումբը վնասազերծեց ռումբն ու տեղափոխեց անվտանգ վայր։
Երեւանի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանի խոսքով՝ իր գործողություններում հատկապես աչքի ընկավ «Թումո» կենտրոնի հասարակական կարգի պահպանման կազմավորումը։ Վարժանքի ժամանակ հիմնական թերությունը տարհանման դանդաղ ընթացքն էր, երեխաներին ուղեկցող անվտանգության աշխատակիցներն ու քաղպաշպանության աշխատանքների համակարգողը գործել էին անթերի։ «Տեխնոլոգիապես հագեցած կազմակերպություններում, ինչպիսին «Թումոն» է, առաջին հերթին պետք է երեխաների անվտանգությունը կարեւորել։ Կենտրոնում պարբերաբար անցկացվում են վարժանքներ եւ դասախոսություններ, կան ներքին ազդարարման եւ ինքնաշխատ հրդեհաշիջման համակարգեր, առաջնային հրդեհաշիջման եւ պաշտպանական միջոցներ։ Գործում է անհրաժեշտ պարագաներով հագեցած առանձին բուժկետ, որտեղ բժիշկ ու բուժքույր են աշխատում։ Այս ամենով հանդերձ՝ շատ գովելի է, որ ղեկավարությունը խնդրում է մեզ հաճախակի նման ուսումնավարժություններ կազմակերպել»,- ասաց վարչության պետը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարներ տրամադրել է Երեւանի փրկարարական վարչությունը