Գլխավոր Միջոցառումներ ԵՄ ներկայացուցիչ․ Մտադիր ենք շարունակել PPRD East ծրագիրը

ԵՄ ներկայացուցիչ․ Մտադիր ենք շարունակել PPRD East ծրագիրը

2874
Տարածել

Այսօր եւ վաղը Երեւանում անցկացվում է Եվրոպական միության «Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում Արեւելյան գործընկերության երկրներում» (Prevention, Preparedness and Response to Natural and Man-made Disasters in the Eastern Partnership Countries. PPRD East-2) ծրագրի ազգային խորհրդատվական խմբի հինգերորդ՝ ամփոփիչ հավաքը։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ներկայացուցիչներն ու PPRD East ծրագրի եվրոպացի փորձագետները ներկայացնում են գրանցված հաջողությունները, ձեռքբերումները։ Մասնակցում են ոչ միայն փրկարարներ ու փորձագետներ, այլ նաեւ պետական տարբեր գերատեսչությունների քաղաքացիական պաշտպանության պատասխանատուներ։ «Աղետների ռիսկի կառավարումը մեկ գերատեսչության խնդիր չէ»,- նշեցին թե տեղացի, թե եվրոպացի փորձագետները։

PPRD East ծրագիրը մեկնարկել է 2010-ին (2010-2014 հատվածում՝ PPRD East-1, 2014-2018՝ PPRD East-2)։ Առաջին փուլում ծախսվել է 6 միլիո եվրո, երկրորդ փուլում՝ 5,5 միլիոն եվրո։ Ծրագիրն իրականացվում է Արեւելյան գործընկերության բոլոր երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա: Ծրագրի շրջանակներում եղել են քննարկումներ, համաժողովներ բազմաթիվ թեմաներով: Ուսումնասիրվել է եվրոպական բազմաթիվ երկրների փորձը անտառային հրդեհների դեմ պայքարի, կամավորության խթանման, աղետների բժշկության եւ հոգեբանության եւ այլ հարթություններում, իրականացվել են նաեւ տարածաշրջանային ծրագրեր։ Եթե հաջողվի ունենալ աղետների ռիսկի նվազեցման միատեսակ չափանիշներ, ապա էապես կհեշտանա փոխօգնությունը եւ միջոցներ կտնտեսվեն։2017 թվականին անցկացվել է EU MOLDEX 2017 դաշտային վարժանք, որին մասնակցել են նաեւ Հայաստանի փրկարարները։

Երեւանյան ամփոփիչ հավաքում ողջույնի խոսքում արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը նշեց, որ PPRD East ծրագրով համագործակցությունն արդյունավետ է եղել, ուղղված աղետների ռիսկի կառավարման հուսալի եւ ճկուն համակարգ ձեւավորելուն։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Պաուլիուս Ստրելչիունասն էլ նկատեց, որ PPRD East ծրագիրը ԵՄ գերակայություններից է եւ նպատակ ունի ներդնել բնակչության պաշտպանության եվրոպական մեխանիզմները մի շարք հարթություններում՝ աղետներին արձագանքման կարողությունների զարգացում, օրենսդրական դաշտի կատարելագործում, կամավորության խթանում, ռիսկերի գնահատում եւ այլն։ «Հայաստանն ակտիվ ներգրավված է այս նախաձեռնություններում, մտադիր ենք շարունակել PPRD East ծրագիրը։ Մենք վստահում ենք Հայաստանին եւ հուսով ենք, որ ծրագիրը կշարունակվի նաեւ առանց ԵՄ աջակցության»,- ասաց Պաուլիուս Ստրելչիունասը։

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ