Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Աղվերանի դժբախտ պատահարը (լուսանկարներ)

Աղվերանի դժբախտ պատահարը (լուսանկարներ)

3883
Տարածել

Անվտանգությունն, անշուշտ, զբոսաշրջիկներին գրավելու առանցքային նախապայման է։ Մեր հրապարակումներում բազմիցս անդրադարձել ենք Հայաստանում զբոսաշրջության խնդիրներին եւ առաջարկել մասնագիտական լուծումներ։ Նախորդ շաբաթվա ընթացքում «Ապարանյան ձմեռ»  մարզամշակութային միջոցառման ժամանակ երեք քաղաքացու ստացած վնասվածքները եւ «Աղվերան» լեռնային հանգստավայրին հարակից սարում ֆրանսիացի լեռնագնացի մահն ապացուցում են, որ զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպությունները լիովին չեն տիրապետում տարածաշրջանային եւ կլիմայական վտանգներին կամ չեն կարեւորում դրանք։ Զբոսաշրջիկների՝ օտար երկրում առանց ուղեկցորդի ճամփորդելու արկածախնդրությունը նույնպես կարող է փորձանքի բերել ոչ միայն իրենց, այլեւ օգնության շտապող փրկարարներին, ինչպես եղավ փետրվարի 22-ին գրանցված ձնահոսքի ժամանակ։

Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ, փ/ծ լեյտենանտ Սարգիս Վերդոյանը պատմում է ֆրանսիացի լեռնագնացի հետ տեղի ունեցածի մասին: Տուժածի ընկերներից ահազանգն ստանալուն պես մեկ մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար, փ/ծ ավագ Սեւակ Ավետիսյանը, ավագ հրշեջ, լեռնափրկարար Սերյոժա Մեսրոպյանը, հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Գեւորգ Անտոնյանը,  վարորդ Հովհաննես Միքայելյանը, «ՈՒԱԶ» մակնիշի մեքենայով եւ «Յամահա» ամենագնացով բեռնված կցորդիչով մեկնել են դեպքի վայր։ Ձյան հաստ շերտի պատճառով  ձյունագնացն արգելափակվել է, եւ փրկարարները մոտ 5 կիլոմետր ոտքով քայլել են դեպի տուժածը։ «Ձնահոսքը լեռան միջնամասում էր, դահուկի հետքերով ճանապարհ բացելով՝ մոտ երկուս ու կես ժամում տեղ հասանք։ Տուժածին ընկերները սառցաբեկորների տակից դուրս էին բերել, ոտքերը փաթաթել տաք հագուստով եւ ջերմանդրադարձիչ ծածկոցով, ամբողջ ընթացքում սրտի անուղղակի մերսում կատարել։ Մեզ հետ դեղատուփ եւ պատգարակ էինք տարել․ փորձեցինք դահուկներից սահնակ սարքել եւ տեղափոխել նրան, սակայն ապարդյուն։ Այդ պայմաններում փրկության միակ տարբերակն ուղղաթիռն էր»,- մանրամասնում է հերթափոխի պետը։

Փրկարարները հաջողել են վերականգնել տուժածի սրտի աշխատանքն ու շնչառությունը: Սարգսի խոսքով՝ մինչեւ տուժածին ուղղաթիռով տարհանելու պահը հստակ չէր՝ մահացած է, թե ոչ։ Օտարերկրացի լեռնագնացները թույլ չեն տվել պատգարակել իրենց ընկերոջը՝ պահանջելով տեղում կազմակերպել մասնագիտացված բժշկական օգնություն։ Դեպքի վայր ժամանած պաշտպանության նախարարության ուղղաթիռը կրկնակի ձնահոսքից խուսափելու համար վայրէջք էր կատարել լեռան գագաթին՝ փրկարարներից մոտ 300 մետր հեռավորության վրա։ Տուժածին Էրեբունի օդանավակայան է տեղափոխել երկրորդ՝ քաղաքացիական ուղղաթիռը, որին հասնելու համար փրկարարները եւս 50 մետր են հաղթահարել։ Սեւակ Ավետիսյանը մյուս զբոսաշրջիկներին իրենց իսկ ցանկությամբ ուղեկցել է մոտակա հյուրանոց։

«Գիտեինք՝ ուր ենք գնում, ինչ պայմաններում ենք աշխատելու․ հոգեպես պատրաստ էինք։ Ցավալի էր գիտակցել, որ այդքան ճանապարհ կտրելուց հետո քաղաքացուն ոչնչով չես կարող օգնել։ Տեղանքի բարդությունը նրանում էր, որ տուժածին պատգարակով տեղափոխելիս մեկ ոտքով սառցաբեկորի վրա էինք, մյուսով՝ խոր ձյան մեջ, ամեն կերպ ջանում էինք, որ տղամարդը պատգարակից չընկնի։ Ուղղաթիռի առաջացրած քամու արդյունքում տեսանելիություն չկար։ Բոլոր դժվարությունները տանելի էին, միայն թե մարդը փրկվեր։ Ցավոք, այդպես չեղավ»,- ամփոփում է փրկարարը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Հ․Գ․ Վերջին հետազոտությունների համաձայն՝ այսօր աշխարհում լեռնադահուկային սպորտով եւ սնոուբորդինգով է  զբաղվում 270 միլիոն մարդ, վնասվածքների մեծ մասը բաժին է ընկնում լեռնադահուկային սպորտին։ Տարբեր աղբյուրների համաձայն, 2007-2016 թվականներին աշխարհի տարբեր ձմեռային հանգստավայրերում մահացել է մոտ 380 մարդ։ Հայաստանում, որը ձմեռային զբոսաշրջության ոլորտում առաջին քայլերն է անում, վերջին տարիներին առնվազն հինգ մահացության դեպք է գրանցվել։ Այս ցուցանիշը ոչ միայն հուսադրող չէ, այլեւ հրատապ համակարգային մոտեցում է պահանջում։

Լուսանկարները տրամադրել են փրկարարները

Զբոսաշրջային անվտանգության մասին նյութեր

Զբոսաշրջային անվտանգություն

Զբոսաշրջության անվտանգության խնդիրները՝ Հայաստանում

Վայոց Ձորում ապահովված է զբոսաշրջային անվտանգությունը

Զբոսաշրջային անվտանգություն. Ապագան գրագետ տուրիզմինն է

Զբոսաշրջային անվտանգություն․ մասնագիտական վերլուծություն