Գլխավոր ՀՀ ԱԻՆ Կմշակվեն ազգային եւ միջազգային վարժանքների կազմակերպման միատեսակ չափորոշիչներ

Կմշակվեն ազգային եւ միջազգային վարժանքների կազմակերպման միատեսակ չափորոշիչներ

1243
Տարածել

Փետրվարի 4-8-ը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում անցկացվել է «Մարդասիրական ցանց եւ համագործակցություն» հինգերորդ շաբաթը, որին մասնակցել են նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները. ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Հովհաննես Եմիշյան, Արտավազդ Դավթյան եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից Գարի Արմաղանյան:

«Մարդասիրական ցանց եւ համագործակցություն» շաբաթ առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին եւ հետո՝ ամեն տարի: Հայաստանը ներկայացուցիչ է ունեցել բոլոր հավաքներում:

«Մարդասիրական ցանց եւ համագործակցություն» նախաձեռնությունն իրականացնում են Շվեյցարիայի կառավարությունը, Միավորված ազգերի կազմակերպության մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (UNOCHA), Միացյալ թագավորության զարգացման գործակալությունը (DFID): Ծրագրի նպատակն է արտակարգ իրավիճակների ոլորտի տարբեր երկրների մասնագետների համար համագործակցության, փորձի փոխանակման հարթակ ստեղծել: Ամեն հավաքում քննարկվում են նախորդ հավաքի ժամանակ բարձրացված խնդիրների լուծման ընթացքն ու ոլորտում միասնական քաղաքականություն մշակելու հարցը:

Եթե «Մարդասիրական ցանց եւ համագործակցություն» չորրորդ շաբաթին մասնակցել էր մոտ 20 տասնյակ երկրի, միջազգային կառույցի, մասնավոր ընկերության 2000 ներկայացուցիչ, ապա այս տարի մասնակցել է ավելի քան 2 200 մարդ՝ մոտ 30 երկրից, միջազգային կառույցից, մասնավոր ընկերությունից: Քննարկվել են տասնյակ թեմաներ. ֆինանսական օգնության՝ կանխիկ գումարի ազդեցությունը, ռեսուրսների տեղաբաշխում, արտակարգ իրավիճակների պաշարի նախապատրաստման ռազմավարություն, ինչպես վաղ ազդարարումից անցնել վաղ գործողության, ուսանողները մարդասիրական համակարգում, օդանավակայանների դերը մարդասիրական համակարգում, աղետների բժշկություն եւ այլն:

Հովհաննես Եմիշյանը մասնակցել է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group. INSARAG) եւ «ՄԱԿ-ի աղետների գնահատման եւ համակարգման ցանցի» (UN Disaster Assessment and Coordination. UNDAC) նիստերին: Հովհաննես Եմիշյանի խոսքով, նիստերում քննարկվել են INSARAG-ի 2019-2022 ռազմավարությունը, UNDAC-ի ռազմավարությունը, վարժանքներ կազմակերպելու եւ բնապահպանական արտակարգ իրավիճակներին արձագանքելու հարցերը, հասարակական կազմակերպությունների մասնակցության ձեւերի խնդիրը: Եղել են քննարկումներ, զեկույցներ, գործնական վարժություններ: Հավաքում ընդգծվել է, որ պետք է միջազգային մակարդակով ձեւավորել միասնական չափանիշներ, որ բոլորը համահունչ աշխատեն, թե ազգային, թե միջազգային վարժանքները միատեսակ չափորոշիչներով կազմակերպեն ու գնահատեն: UNDAC-ի խորհրդատվական խմբի հավաքում Հայաստանն առաջարկել է իր երեք ներկայացուցչի՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի, բնակչության պաշտպանության, ծառայության կազմակերպման վարչություններից, ընդգրկել ցանցում: Էստոնիան պատրաստ է Հայաստանի մեկ ներկայացուցչի ֆինանսավորման հարցը լուծել: Եղել են դեպքեր, երբ որեւէ պետություն առաջարկել է չորս թեկնածու, չորսին էլ մերժել են: Մեր թեկնածուների ընտրության հարցը դեռ լուծված չէ:

Արտավազդ Դավթյանը մասնակցել է «Աղետների ահազանգման գլոբալ համակարգ» (Global Disaster Alerting Coordination System. GDACS) նիստին: GDACS-ում 2014 թվականից նախագահում էր Հայաստանը եւ Ժնեւում նախագահությունը փոխանցել է Եվրամիության միացյալ հետազոտությունների ինստիտուտին: Ըստ Արտավազդ Դավթյանի, հավաքում ընդգծվել է, որ Հայաստանը բարձր մակարդակով է աշխատանքներն իրականացրել:

Այսօր աշխարհում լուրջ ռիսկ ու մարտահրավեր է կլիմայի փոփոխությունը: Սա նկատի ունենալով, GDACS-ում կներառվեն ոչ միայն երկրաշարժերի ու ցունամիների վերաբերյալ ահազանգերը, այլ նաեւ կլիմայի փոփոխության հետեւանքների՝ ջրհեղեղի, երաշտի: Սրա համար պետք են նոր գործընկերներ, նոր քարտեզագրություն: Ինչպես եւ INSARAG-ի դեպքում, GDACS-ում էլ մտադիր են մշակել ուսումնավարժություններ անցկացնելու միասնական մեթոդաբանություն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ