Գլխավոր Սպիտակ-30 Սպիտակի երկրաշարժը․ հուշեր աղետի ու մարդկանց մասին

Սպիտակի երկրաշարժը․ հուշեր աղետի ու մարդկանց մասին

4837
Տարածել

Սպիտակի երկրաշարժի գոտում որոնողափրկարարական եւ վերականգնողական աշխատանքներին մասնակցեցին հազարավոր տեղացի եւ օտարերկրյա կամավորներ: Աղետն աննախադեպ էր հատկապես խորհրդային երկրների համար, քանզի պետական լրատվամիջոցները վարպետորեն կոծկում էին Խորհրդային Միության տարածքում տեխնածին եւ բնական պատահարների մասին ցանկացած տեղեկություն:

Լենինականում փրկարարական աշխատանքների դժվարության, մարդասիրական օգնության տեղաբաշխման եւ մարդ-ճակատագիր հարաբերության մասին ենք զրուցել Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գևորգ Հովակիմյանի հետ:

Լենինականից Նոր Աֆոն՝ նոր կյանքի հույսով

1988 թվականին աշխատում էի Լուսավորության նախարարության պատանի տուրիստների հանրապետական կայանում որպես հայրենագիտական բաժնի վարիչ։ Դեկտեմբերի 7-ին կայանի փայտե երկհարկանի շենքում ցնցում զգացինք. մեծ մեքենայի հարվածի էր նման։ Բոլոր աշխատակիցները դուրս վազեցին, սկսեցին հարազատներին զանգահարել: Երեւանում մեծ վնասներ չէին եղել։ Կապի բացակայության պատճառով մինչ ժամը երեքն անորոշության մեջ էինք։ Ի վերջո տեղեկացանք, որ Սպիտակն ու Լենինականը երկրաշարժից ավերվել են։

Լենինականում պատանի տուրիստների բազա ունեինք, որը թեեւ վթարային էր, սակայն չէր տուժել։ Մեզ հետ ալպինիստական գույք էինք տարել: Բազայի տարածքում վրանային ավան կառուցեցինք, պարաններից լծակներ պատրաստեցինք ու անցանք փլատակները բարձրացնելուն։ Քաղաքն անճանաչելի էր դարձել։ Մութն ընկնելուն պես տեղանքում կողմնորոշվելը դժվարանում էր։

Այն, ինչ տեսանք Լենինականում, սարսափելի էր․ մարդային աղերսն ու լացը առայսօր ականջումս են։ Առաջին օրերին տասնյակ կենդանի մարդկանց դուրս բերեցինք։ Վերջին ողջ մնացածին գտանք դեկտեմբերի 13-ին Տարտու փողոցի ինը հարկանի շենքի փլատակներում։ Սարգիս էր անունը․ վնասվածքներ չուներ, միայն հոգեպես անհավասարակշիռ վիճակում էր։ Ընտանիքի անդամները մահացել էին, իսկ նա համառորեն պնդում էր, որ րոպե առաջ խոսել է նրանց հետ։

Դժբախտաբար հայտնվեցի նաեւ «Չուլոչնի» գործարանում (Լենինականի գուլպա-նասկեղենի գործարան), որի անցակետի հատվածում բազմաթիվ դիեր էին։ Հաստոցների տեղամասում ոչ ոք չկար․ ճակատագրի հեգնանք է՝ բոլորը շտապել էին շենքից դուրս գալ եւ կուտակվել անցակետի մոտ, այնինչ կարող էին ողջ մնալ։

Լենինականում փրկարարական աշխատանքները շարունակեցինք մինչեւ դեկտեմբերի 20-ը։ Տուրիզմի հանրապետական խորհրդի որոշմամբ գործուղվեցինք Կիրովական։ Նշանակվեցի գնացքի տնօրեն, եւ 20 պլացկարտ վագոնով 1200-1300 հոգի տարհանվող բնակչության հետ, հիմնականում՝ երեխաներ, կանայք ու ծերեր, ճամփա ընկանք դեպի Աբխազիայի Նոր Աֆոն քաղաքի հանգստյան գոտիներ։ Գնացքն ընթանում էր շատ դանդաղ՝ տեղ տալով տուժած համայնքներին մարդասիրական օգնություն բերող մեքենաներին։ Տարբեր կայարաններում մարդիկ մեզ սնունդ ու միրգ էին տալիս։ Նոր տարին դիմավորեցինք վագոնում՝ մի կտոր հաց ու երշիկի սեղանի շուրջ։ Տարհանվողներին տեղավորեցինք հանգստյան տներում, գրանցեցինք տվյալները։ Հունվարի 7-ին վերադարձա Երեւան։

Երեխաները՝ երկրաշարժի գոտում

Երկրաշարժին հաջորդած օրերին մեծ աշխատուժ ժամանեց Հայաստան։ Որպես կանոն՝ նման մեծ աղետների ժամանակ մարդկային ուժն ու սարքավորումները միշտ չեն բավականացնում։ Բացի դրանից՝ չկար փրկարարական աշխատանքների համակարգման մեխանիզմ։ Նույն շենքի տարածքում տարբեր օրերի կարող էին մի քանի կամավոր խմբեր աշխատել՝ այն դեպքում, երբ փլատակներում արդեն վաղուց կենդանի շունչ չկար։

Բժիշկները մասսայական աղետի դեպքում առաջին օգնության գիտելիք ու հմտություններ չունեին․ հիվանդանոց տեղափոխվածների մեծ մասը մահացավ երկարատեւ ճզմման համախտանիշի պատճառով։ Լենինականցիներն ասում էին՝ ճակատագիր էր, իսկ դա ընդամենը սխալ ախտորոշման հետեւանք էր։

Համակարգված չէր սննդի եւ հագուստի բաշխումը։ «Բուխանկա» տեսակի հացով բեռնված մեքենաները կանգնում էին Լենինականի հրապարակում, ըստ պահանջի՝ բաժանում ցանկացողներին։ Լինում էին դեպքեր, երբ հացը մնում էր անձրեւի տակ եւ փչանում։ Արկղերով թթվասերը ոչ բոլորին էր հասնում․ մեկը կարող էր մոտ 40 տուփ թեւի տակն առնել ու տուն գնալ, իսկ մյուսը սոված էր մնում։ Դժբախտությունը փոխել էր մարդկանց, «կրել-տանելու» մոլուցք սերմանել։ Ինքս եմ տեսել՝ ինչպես մի ալեւոր գողանում էր բրդե գլխարկներով լի պարկը, որը երեխաների համար էր նախատեսված։

Բնակչությունը կարծես մոլորյալ լիներ․ օրերն անցնում էին դույլի մեջ ծխացող կրակի շուրջ՝ ցրտից մատներն իրար շփելով, մի կտոր հացը տասը մասի կիսելով։ Այդ օրերին դիակապտության դեպքեր եղան, որին անդրադարձավ «Վրեմյա» հաղորդումը։ Չափազանց վիրավորական էր ռուս հաղորդավարի շուրթերից լսել, որ ազատագրական պայքար մղող հայ «էքստրեմիստները» (Արցախյան շարժման մասնակիցներին այդպես էին կոչում-հեղ․) դիակապտության են ընդունակ։ Ցավոք, ինքս ականատես եղա նման իրավիճակի, որը դժբախտ ավարտ ունեցավ․ հանգուցյալի հարազատները հաշվեհարդար տեսան անօրենի հետ։ Օրեր անց մոսկովյան լուրերով հայտնեցին, որ դիակապտողներ են եղել նաեւ Լոնդոնում կործանված ինքնաթիռի տեղում։ Այս լուրը, որքան էլ անհեթեթ հնչի, կարծես սրտհովանք լիներ մեզ համար։

Գիշերները դժվարությամբ էին լուսանում․ երկրաշարժը ոչ պակաս ազդեցություն էր թողել մեզ՝ կամավորներից վրա։ Մռայլ խոհերը ցրելուն օգնում էին երեխաները, որոնց միայն տեսքից ուրախանում էինք։ Սննդից ու քնապարկից բացի՝ տուրիստական կենտրոնից գնդակներ ու թենիսի պարագաներ էինք բերել տվել․ խաղը ձգվում էր առավոտից երեկո։

Գրի առավ Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ