Գլխավոր Ուսուցողական նյութեր Հրդեհ մետրոպոլիտենում

Հրդեհ մետրոպոլիտենում

1547
Տարածել

Մետրոպոլիտենում հրդեհները հազվադեպ են, քանի որ հիմնականում պահպանվում են անվտանգության կանոնները: Այնուամենայնիվ, երբեմն հրդեհներ են բռնկվում վագոններում, շարժասանդուղքներին, նախամուտքերում, էլեկտրական մատակարարման համակարգում: Դրանք ծայրահեղ վտանգավոր են: Նույնիսկ, փոքր հրդեհը շարժակազմում կարող է վերածվել աղետի, վագոնն ամբողջովին այրվում է (5-7) րոպեում: Օրինակ, 1995 թվականին Բաքվի մետրոպոլիտենի շարժակազմում ծագած հրդեհը 289 մարդու կյանք խլեց: Եվս 270 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացավ: 2003 թվականին Հարավային Կորեայի Տեգու քաղաքի մետրոպոլիտենում հրդեհից զոհվեց 198, տուժեց՝ 147 մարդ:

Մետրոպոլիտենում հրդեհի ծագման հիմնական պատճառներն են.

. Հոսանքագծերում, էլեկտրական սարքերում կարճ միացումները

. Շարժակառքերում եւ շարժասանդուղքներում շարժման ժամանակ անսարքությունների հանկարծակի առաջացումը

. Շարժակառքերի շարժման ընթացքում վթարային իրավիճակները

. Անձնակազմի կողմից շահագործման անվտանգության կանոնների խախտումը

Մետրոպոլիտենի հրդեհից սպասվելիք վտանգներն են՝

. Ծխապատ գոտի

. Շարժասանդուղքի խափանում, անջատում, փլուզում

. Բարձր ջերմաստիճան, թթվածնի անբավարարություն

. Պայթյուն եւ բեկորների տարածում,

. Կրակի օջախի եւ ծխապատ գոտու արագ տարածում

. Ելքի եւ մուտքի արգելափակում

. Ապակիների փշրում եւ բեկորների տարածում

. Դրամի, գույքի, հագուստեղենի, ուղեբեռի ոչնչացում, կորուստ,

. Էլեկտրական հոսանքի անջատում, լուսավորության պակաս կամ բացակայություն

. Շարժակազմի անկառավարելի ընթացք

Այս ամենի արդյունքում մարդիկ կարող են ծխահարվել, այրվածքներ ստանալ, հոսանքահարվել, թունավորվել, կոտրվածքներ ստանալ, ծխախեղդ լինել, զոհվել:

Մետրոպոլիտենում հրդեհի հնարավոր հետեւանքների նվազեցման ուղիներն են՝

ազդարարման համակարգերի (այդ թվում նաեւ ինքնաշխատ) առկայությունը,

տարհանման պլանների եւ տարհանման նշանների առկայությունը,

մետրոպոլիտենում հրդեհի դեպքում մարդու անկառավարելի վարքի բացառումը, հրդեհի դեպքում վարվելակերպի ու վարքականոնների վերաբերյալ մարդկաց իրազեկվածությունը եւ այլն:

Եթե մետրոպոլիտենում հրդեհ է բռնկվել, ապա.

Շարժակառքում ծագած հրդեհի դեպքում առանց խուճապի մատնվելու փորձեք գնահատել իրավիճակը եւ ներքին կապի միջոցներով անմիջապես կապվեք մեքենավարի հետ, հնարավորության դեպքում զանգահարեք «911»:

Եթե կան կրակմարիչներ, փորձեք մարել հրդեհը, փակեք բոլոր պատուհանները, շնչուղիները փակեք խոնավ շորով:

Հրդեհի մարման անհնարինության դեպքում տեղափոխվեք ծայրամասային վագոն:

Չի կարելի շարժակազմը կանգնեցնել վագոնից արգելակման բռնակի գործադրմամբ: Վագոնի կանգնելու դեպքում հետեւեք մեքենավարի հրահանգներին: Անհրաժեշտ է կազմակերպված տարհանվել շարժակազմի շարժման ուղղությամբ, քանի որ հրդեհը տարածվում է ընթացքին հակառակ, հնարավորության դեպքում «911» ծառայությանը տեղեկություն տրամադրել շարժման ուղղության, իրավիճակի վերաբերյալ:

Եղեք զգույշ լինել եւ ուշադիր հետեւեք իրավիճակին, որը կարող է կտրուկ փոխվել:

Նյութը պատրաստվել է Համլետ Մաթեւոսյանի եւ Հովհաննես Խանգելդյանի «Խորհուրդներ բնակչությանը» ձեռնարկի հիման վրա

Այս թեմայով այլ նյութեր.

Հրդեհ տանը

Հրդեհ անտառում