Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Թունավորումներ․ սնունդ

Թունավորումներ․ սնունդ

2858
Տարածել

Որոշ թույներ մարդու մարմին են անցնում սննդի հետ։ Սննդային թունավորման երկու տեսակ կա՝ մանրէային եւ քիմիական։

Սննդային մանրէային թունավորման դեպքում սննդի հետ մարմին թափանցած ախտածին մանրէներն արտադրում են թունավոր նյութեր՝ տոքսիններ։ Մանրէային թունավորումներ ամենից հաճախ հանդիպում են հետեւյալ մթերքի օգտագործումից հետո՝ ապխտած միս, երշիկ, ձկնեղեն, կաթնամթերք, ձու, տնային պայմաններում պատրաստված պահածոներ եւ այլն։

Սննդային քիմիական թունավորումները տեղի են ունենում, երբ սննդի մեջ բարձր է որոշ մետաղների (ցինկ, կադմիում, կապար եւ այլն) քանակը, կամ առկա են թունավոր նյութեր։ Նման բան հնարավոր է, եթե սնունդը  երկար ժամանակ պահվում է մետաղյա տարաների մեջ։ Անգամ ջուրը, եթե երկար ժամանակ պահվի կապարե տակառում, կարող է դառնալ թունավորման աղբյուր։ Սննդային թունավորումները հաճախ ուղեկցվում են ջրազրկմամբ եւ հատկապես վտանգավոր են երեխաների, տարեցների համար։ Սննդային թունավորման նշաններն են. սրտխառնոց, փսխում, լուծ, ընդհանուր թուլություն, գլխացավ, գլխապտույտ, որովայնային ցավեր, մարմնի բարձր ջերմաստիճան։

Իսկ առաջին օգնությունը՝ նախ արհեստական փսխում։ Տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք  թաս, որի մեջ նա կարող է փսխել։ Տուժածին տվել 2-3 լիտր գոլ ջուր (38-40oC): Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրին ավելացրեք մեկ գդալ կերակրի աղ։ Ջուրը խմելուց հետո առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) տուժածի լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաեւ ինքնաբերաբար՝ մեծ քանակով ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, փոքր-ինչ առաջ թեքված կամ կողքի պառկած՝ գլուխը փոքր-ինչ առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։

Երբեք մի փորձեք արհեստական փսխում առաջացնել, եթե տուժածը պառկած է մեջքի վրա, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, եթե տուժածն անգիտակից վիճակում է, հղի կին է, սրտային հիվանդ է կամ ցնցումների մեջ է։ Ցանկացած դեպքում բացառեք ջրազրկումը՝ տուժածին մեծ քանակությամբ հեղուկ տվեք։

Ցանկալի է փսխուքը հավաքել եւ հանձնել ժամանող շտապօգնության անձնակազմին՝ թույնի տեսակը որոշելու համար։ Փսխուքը հավաքելիս հնարավորոթյան դեպքում աշխատեք ձեռնոցներով։

Ահազանգեք շտապօգնություն, վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալներն ու փոխանցեք բժիշկներին։

ՀԻՇԵՔ

Ճիշտ արձագանքը փրկության գրավականն է: