Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ռումբի տեղադրման վերաբերյալ կեղծ ահազանգ

Ռումբի տեղադրման վերաբերյալ կեղծ ահազանգ

666
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 296 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 61 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 13 կեղծ կանչ:

Փրկարարները 125 կենցաղային կանչ են ստացել, որից 81-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Ավան, Նոր Նորք, Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջանների եւ Շենգավիթի, Գեղարքունիքի, Շիրակի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 265 մեքենա (265 ուղեւորով) է հանվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարները գիշերով ահազանգ են ստացել, որ Հրաչյա Քոչար փողոցի շենքերից մեկում ռումբ է տեղադրված: Դեպքի վայրի տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: Կենտրոնի փրկարարները կեսգիշերին մոտ ահազանգ են ստացել, որ «Հաղթանակ» կամրջի վրա քաղաքացին անցել է ճաղավանդակները եւ ցանկանում է ինքնասպան լինել։ Դեպքի վայրի տեղազննման արդյունքում ինքնասպանություն գործելու ցանկություն ունեցող քաղաքացի չի հայտնաբերվել։

Գեղարքունիքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Գեղարքունիք գյուղի սկզբնամասում անօդաչու թռչող սարքը մնացել է ծառի վրա. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները ծառից իջեցրել են սարքը։ Նույն մարզում ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ համայնքի Զորավար Անդրա­նիկի փողոցի կաթսայատան ծխնելույզի ապամոնտաժման աշխատանքների համար անրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են մոտ 35մ երկարությամբ եւ 50 սմ տրամագծով խողովակը։