Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

1402
Տարածել

2018 թվականի փետրվարին Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 18 873 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, այս տարվա՝ 2019 թվականի փետրվարի 15-ի դրությամբ՝ 19 387: Նախորդ ամիս գրանցված էր 19 814 ԱՎՕ: Անցած տարվա փետրվարի համեմատ արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է մոտ 5 տոկոսով, իսկ անցած ամսվա համեմատ՝ 0,01 տոկոսով:

Այս տարվա սկզբից մինչ փետրվարի 15-ը Հայաստանում գրանցվել է 23 նոր ԱՎՕ, որից 11-ը՝ վերելակ: Նաեւ թթվածնի բալոնների պահպանման տեղամաս, կաթսայատուն, տաքացման վառարան, ավտոկռունկ, լողավազանի քլորացման տեղամաս եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտներ են որակվում ոսկու, քարի,    ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները,           գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները,կաթսայատները,         շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն:Արտադրական վտանգավոր օբյեկտների 70 տոկոսը վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: