Գլխավոր Վերլուծություն Կամավոր ջոկատներ․ Գյումրի

Կամավոր ջոկատներ․ Գյումրի

1814
Տարածել

Սպիտակի երկրաշարժից հետո՝ 1990-ականներին, կամավոր փրկարարական ջոկատների թիվը հասնում էր 50-ի։ Հայկական կարմիր խաչի ընկերության ջանքերով ստեղծվեց ասոցիացիա, որում ներգրավված լավագույն փրկարարական թիմերին հատկացվեց գումար՝ գույք-հանդերձանք ձեռք բերելու համար։ Նրանց թվում էր «Գյումրի» ջոկատը։

«1989 թվականի կեսերին Լենինականում վերականգնողական աշխատանքներ կատարող մի խումբ գեոֆիզիկոսներ փրկարարական խումբ հիմնեցին։ Կարմիր խաչին պատկանող շենքը տրամադրվեց նրանց՝ գործունեություն ծավալելու նպատակով։ Մեկ տարի անց Լենինականի քաղսովետի փաստաթղթերում մեզ գրանցեցին որպես Հայկական կարմիր խաչի ընկերության «Գյումրի» ինքնավար փրկարար ջոկատ»,- վերհիշում է ջոկատի համահիմնադիր Սերգեյ Դավոյանը։

Որոշ ժամանակ անց ջոկատի կորիզը հիմնովին փոխվեց․ տարեց անդամներին փոխարինելու եկան երիտասարդները։ Նկարիչ, քանդակագործ Կարեն Գրիգորյանը գծեց ջոկատի տարբերանշանի էսկիզը՝ կարմիր խաչին հատվող ծաղկած կակտուսը, որը գտել էր Գյումրու փլատակներում։ Այն դարձավ «ցավ ու վերք» տեսած քաղաքի ապագայի խորհրդանիշը։

Արդեն 1998 թվականին կամավորների թիվը 40-ից ավելի էր։ Կազմակերպվում էին ուսումնական հավաքներ, առաջին օգնության դասընթացներ, տուրիստական եւ ալպինիստական արշավներ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս։ Ջոկատում շատերը կոփվեցին անվանի լեռնագնացներ Ռուբեն Հակոբյանի, Գագիկ Գրիգորյանի եւ Յուրա Ակոպովի խորհուրդներով։

«Տեղափոխվեցինք Գյումրու նախկին քաղաքացիական պաշտպանության շտաբի տարածք։ Քանդված «Շիրակ» հյուրանոցը վարժահրապարակի վերածեցինք, անընդհատ մարզվում ու կարդում էինք՝ փրկարարական հմտություններ ձեռք բերելու համար։ Ցավոք զոհ ունեցանք՝ մեր ընկեր Կարեն Գրիգորյանը, որը մահացավ խոր այրվածքներից՝ հրդեհվող շենքից չորս հոգու դուրս բերելու արդյունքում։ Այս պատահարը շատ բան փոխեց, հասկացանք, որ ցանկացած իրավիճակում փրկարարը պետք է մտածված գործի»,- նշում է փորձառու մասնագետը։

Արցախյան պատերազմն անտարբեր չթողեց ոչ ոքի։ «Գյումրի» ջոկատը Հրազդան քաղաքում իր ունեցած պահեստամասերից մեքենա «հավաքեց», որով Լենինականից զինամթերք էր հասցնում Արցախի տարբեր շրջաններ եւ Երեւան տեղափոխում վիրավորներին։ Հրաչյա Ոսկանյանը, Մկրտիչ Խաչատրյանն ու Արտաշես Հակոբյանն այդ տարիներին առաջնագծում էին։ Վերջինս ֆոտոլրագրող էր, երջանիկ պատահականությամբ ողջ էր մնացել՝ փորձելով ֆոտոխցիկը փրկել տանկի թրթուրներից։

«Գյումրի» ջոկատի փառավոր անցյալի մասին են վկայում բազմաթիվ փրկարարական աշխատանքները՝ 1991 թվականին երկրաշարժից տուժած վրացական Օնի եւ Ջավա քաղաքներում, 1993 թվականին բեռնատար AH-26 ինքնաթիռի վթարը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում, 1994 թվականին Այրում — Երեւան մարտատար գնացքի վթարը Նալբանդ գյուղի կայարանում, 2000 թվականին վթարային շենքերի հանկարծակի փլուզումները Գյումրիում, 2003 թվականին ՄԻԳ-29 կործանիչի վթարը Մարալ լեռան տարածքում եւ այլն։

Այսօր ջոկատն այլեւս չի գործում։ Աշխարհի տարբեր անկյուններում ապրող նախկին կամավորները երբեմն հավաքվում են մեկ սեղանի շուրջ եւ հիշում «գլխներով անցածը»:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են Սերգեյ Դավոյանն ու Մկրտիչ Խաչատրյանը

Կամավոր այլ ջոկատներ.

Սպիտակ

Հատիս