Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Թունավորումներ․ սնկեր

Թունավորումներ․ սնկեր

1460
Տարածել

Սնկերը լինում են ուտելի եւ թունավոր։ Ուտելի են սպիտակ սունկը, շամպինիոնը, մորխասունկը, կոճղասունկը եւ այլն։ Հայաստանում հանդիպող թունավոր սնկերից են դժգույն սունկը (պոգանկան), կարմիր ճանճասպանը, կեղծ կոճղասունկը եւ այլն։ Այս շարքից ամենավտանգավորը դժգույն սունկն է, որից թունավորման դեպքում մահացության տոկոսը շատ բարձր է։ Սնկերով թունավորումների կանխարգելման համար հետեւեք մեկ պարզ կանոնի՝ «Անծանոթ սնկեր մի՛ հավաքեք, մի՛ կերեք», քանի որ դա կարող է լինել թունավոր սունկ, որը արտաքին տեսքով շատ նման է ուտելի սնկին։

Սնկով թունավորման նշանները սովորաբար ի հայտ են գալիս ուտելուց մեկ ժամ անց, սակայն կարող են երեւալ նաեւ 10 ժամ անց։ Սնկով թունավորման նշաններն են՝ հանկարծակի ուժեղ ցավեր որովայնի շրջանում, փսխում, երկարատեւ լուծ, ոտքերի մկանների ջղաձգություններ, ընդհանուր թուլություն, ջերմաստիճանի անկում, արյունազեղումներ, գրգռվածություն, զառանցանք, անգիտակից վիճակ։ Որոշ սնկերով թունավորումների ժամանակ այս նշաններին զուգահեռ կարող են լինել առատ քրտնարտադրություն, արցունքահոսություն, գլխապտույտ, շարժողական գրգռվածություն, խառնաշփոթություն, պատրանքներ։

Առաջին օգնությունը

Առաջացրեք արհեստական փսխում։ Տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որեւէ թաս, որի մեջ տուժածը  կարող է փսխել։ Տուժածին տվեք 2-3 լիտր գոլ ջուր (38-40oC): Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրին ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաեւ ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը  4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, փոքր-ինչ առաջ թեքված կամ կողքի պառկած՝ գլուխը փոքր-ինչ առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։

Երբեք մի փորձեք արհեստական փսխում առաջացնել, եթե տուժածը պառկած է մեջքի վրա, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, եթե տուժածն անգիտակից վիճակում է, հղի կին է, սրտային հիվանդ է կամ ցնցումների մեջ է։ Ցանկացած դեպքում բացառեք ջրազրկումը՝ տուժածին մեծ քանակությամբ հեղուկ տվեք։

Ցանկալի է փսխուքը հավաքել եւ հանձնել ժամանող շտապօգնության անձնակազմին՝ թույնի տեսակը որոշելու համար։ Փսխուքը հավաքելիս հնարավորոթյան դեպքում աշխատեք ձեռնոցներով։