Գլխավոր Ուսուցողական նյութեր ԱՌԿ եւս մեկ էլեկտրոնային գործիք

ԱՌԿ եւս մեկ էլեկտրոնային գործիք

177
Տարածել

Միավորված ազգերի կազմակերպության աղետների ռիսկի նվազեցման գրասենյակը (UN Office for Disaster Risk Reduction՝ UNISDR) անցած շաբաթ պաշտոնապես հայտարարեց Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի համակարգի գործիքակազմը աշխատեցնելու հմտություները կատարելագործելու առցանց դասընթացի ծրագրի հասանելության մասին:

UNISDR-ի նախաձեռնությամբ ստեղծվել է եւս մեկ գործիք՝ sendaicommitments.unisdr.org առցանց հարթակը, որտեղ երկրները կարող են ներկայացնել աղետների ռիսկի կառավարման ոլորտում իրենց ձեռքբերումներն ու հաջողություննները, կիսվել փորձով: Ողջը կամավորության հիմքով: Որեւէ պետություն փորձով կիսվելու որեւէ պարտավորություն չունի:

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Աղետների ռիսկի նվազեցման հարցերով հատուկ ներկայացուցիչ Մամի Միզութորին հայտարարել է. «Հասարակությունը չի կարող անտեսել որեւէ մեկին, երբ խոսքը աղետների ռիսկի նվազեցման, աղետակայուն հասարակություն ձեւավորելու մասին է: Այս հարթակով կխրախուսվեն բոլորի ջանքերը՝ անհատներ, կազմակերպություններ, մասնավոր հատված, կրթական հաստատություններ, լրատվամիջոցներ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ»:

Մասնագետների խոսքով, կայքը արդյունավետ, պարզ եւ հասկանալի գործիք է եւ հնարավորություն է տալիս ոչ միայն արձանագրել գործողություններն ու դրանց արդյունքները, այլ նաեւ՝ լայնորեն տարածել հաջողված փորձը: Իսկ որ աղետների ռիսկի կառավարման ոլորտում ջանքերի մեկտեղում է պետք՝ ընդունում են բոլորը:

Ավելի քան 50 կազմակերպություն արդեն նյութեր է ուղարկել: Մեկ շաբաթից դրանք հասանելի կլինեն բոլորին:

Այս տարվա մայիսի 13-17-ը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի կունենա «Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ պլատֆորմ» վեցերորդ համաժողովը, որտեղ կներկայացվեն նաեւ sendaicommitments.unisdr.org կայքով ստացված զեկույցները: