Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները գտել են մոլորված վարորդին

Փրկարարները գտել են մոլորված վարորդին

221
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 245 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 60 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 14 կեղծ կանչ:

Փրկարարները 82 կենցաղային կանչ են ստացել, որից 60-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Արաբկիր, Աջափնյակ, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների եւ Լոռու ու Կոտայքի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 47 մեքենա (115 ուղեւորով) է հանվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Աջափնյակի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Մարգարյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանի դուռը փակվել է, բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարները բացել են դուռը եւ բնակարանում հայտնաբերել անսթափ երկու քաղաքացու: Դավիթաշենի փրկարարները 28-ամյա մի կնոջ այտուցված մատից հանել են մատանին: Իսկ Արարատի Բարձրաշեն գյուղում 6 տարեկան աղջկա մատն արգելափակվել է մետաղյա օղակում: Փրկարարներն օղակը դուրս են բերել մատից: Արմավիրի փրկարարները կեսգիշերին մոտ, 41-ամյա մի քաղաքացուց ահազանգ են ստացել, որ ինքը մեքենայով մոլորվել է «Մարշալ Բաղրամյան» ուսումնական զորամասի դաշտամիջյան ճանապարհին: Փրկարարները եւ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են մեքենան եւ վարորդին: