Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ժամանակի «չար» խաղը․ խոշոր հրդեհ՝ Տավուշում

Ժամանակի «չար» խաղը․ խոշոր հրդեհ՝ Տավուշում

925
Տարածել

Փետրվարի 2-ին հրդեհ էր բռնկվել Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին բնակավայրում։ Ամբողջությամբ այրվել էին քաղաքացու գոմի տանիքն ու 300 խոտի հակը, անկել էր 24 խոշոր եղջերավոր անասուն եւ 5 հորթ։

Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ավետիսյանի խոսքով՝ հրդեհի մասին ահազանգը բավական ուշ է ստացվել, քանի որ անասնապահը կապի միջոց չի ունեցել, բացի այդ՝ վնասվածք է ստացել՝ փորձելով շինությունից դուրս թողնել ծխախեղդվող կենդանիներին։

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ։ «Տանիքի մի շերտը տոլից էր կառուցված, որն իր հերթին ռետինե կղմինդրերով ու թիթեղներով էր ծածկված։ Հոսանքալարերը հին էին։ Կրակը քամուց սկսել էր արագ տարածվել»,- պատմեց հրամանատարը։

Հրդեհաշիջման աշխատանքները տեւել են 5 ժամ, փրկարարներն օգտվել են տնամերձերում կառուցված ջրավազաններից, գյուղամեջի հիդրանտներից։

Օգնության պատրաստակամություն են հայտնել գյուղացիները, սակայն անվտանգությունից ելնելով՝ նրանց արգելվել է մոտենալ կրակին։ Հայկ Ավետիսյանը վստահեցնում է՝ ժամանակին ահազանգելու դեպքում հնարավոր կլիներ պահպանել գոմի մի մասն ու փրկել անասուններին։

Ընդհանուր առմամբ՝ Տավուշի մարզում այժմ բավական հրդեհավտանգ եղանակ է։ Միայն հունվար-փետրվար ամիսներին Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատն իր սպասարկման տարածքում չոր խոտածածկի 27 հրդեհ է մարել, ինչը գերազանցում է նախորդ ամբողջ տարվա ցուցանիշը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները