Գլխավոր ՀՀ ԱԻՆ Այս տարի Ռուսաստանում կվերապատրաստվի հայաստանցի 113 փրկարար

Այս տարի Ռուսաստանում կվերապատրաստվի հայաստանցի 113 փրկարար

348
Տարածել

Կոտայքի մարզի Գետարգել համայնքում գտնվող հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի այս տարվա աշխատանքային պլանի համաձայն, կենտրոնում 16 ծրագրով կվերապատրաստվի Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության 187 ծառայող: Եվս 14 ծրագրով 113 փրկարար վերապատրաստման դասընթացների կմասնակցի Ռուսաստանի տարբեր պրոֆիլային ուսումնական հաստատություններում՝ «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիա», «Հակահրդեհային ծառայության պետական ակադեմիա» եւ այլն: Չի բացառվում, որ տարվա ընթացքում պլաններում փոփոխություններ լինեն:

Գետարգելի հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը բացվել է 2016 թվականի մարտի 18-ին: Նպատակներից մեկն էլ արտակարգ իրավիճակների կանխման, վերացման, ճգնաժամային կառավարման ոլորտի մասնագետների որակավորման բարձրացումն է: 2017 թվականին կենտրոնի ջանքերով Ռուսաստանում վերապատրաստվել է 28 հայաստանցի փրկարար, 2018 թվականին՝ Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության 90 ծառայող 11 ծրագրով վերապատրաստվել է Ռուսաստանում, 174 փրկարար 16 ծրագրով՝ կենտրոնում՝ Ռուսաստանից ժամանած մասնագետների օգնությամբ: Վերապատրաստման դասընթացների թեմաները ընտրում են Հայաստանի մասնագետները՝ ըստ մեր փրկարարների կարիքների եւ առաջնահերթությունների:

Այս տարվա համար ընտրվել են հետեւյալ թեմաները՝ «Հրդեհների ժամանակ գազածխային պաշտպանությունը», «Անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ եւ նորարարական տեխնոլոգիաների եւ մեթոդների կիրառումը քաղաքային հրդեհների ժամանակ», «Լեռնափրկարարություն», «Արդյունաբերական ալպինիզմ», «Ջրասուզակների պատրաստվածություն», «Արտակարգ իրավիճակներից տուժածների համար դաշտային ճամբարների կազմակերպում», «Որոնողափրկարարական աշխատանքներ լեռնային անտառներում», «Անօդաչու թռչող սարքերի շահագործում», «Արտակարգ իրավիճակներում հոգեբանական ապահովում» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ