Այսօր Երեւանի քաղաքապետարանում ամփոփվեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի վարչության 2018 թվականին կատարված աշխատանքը: 2018 թվականին Երեւանում գրանցվել է 8699 արտակարգ դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 144, մարմնական վնասվածքներ ստացել 4904 մարդ:
3940 տեխնածին դեպքերից 2613-ը հրդեհ է (2017 թվականին՝ 1966)։ Նյութական վնասը կազմել է 203 277 736 դրամ։ Սոցիալ-կենցաղային դեպքերից մեծ թիվ են կազմում թունավորումները՝ 3405 դեպք, որոնց հետեւանքով տուժել է 3408, զոհվել 16 մարդ։
2018 թվականին վարչության անձնակազմի ուժերով եւ աջակցությամբ փրկվել է 79 մարդու կյանք։
Անցկացվել է 7 շտաբային, 16 օբյեկտային, 96 հատուկ տակտիկական, 2 արտապլանային ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ 24 ուսումնական եւ նախադպրոցական հաստատություններում անցկացվել են դասախոսություններ քաղաքացիական պաշտպանության թեմայով։
Վարչության Ճգնաժամային կառավարման բաժնում ներդրվել է «Զանգերի կառավարման համակարգ», որը հնարավորություն է տալիս միաժամանակ ընդունել 4 հեռախոսազանգ, ինչպես նաեւ ձայնային հաղորդագրության միջոցով իրականացնել ազդարարում։ Արդեն իսկ գործող 1-08 միասնական համակարգչային ցանցը թույլ է տալիս ներբեռնել օրվա ընթացքում գրանցված դեպքերը եւ հետեւել քաղաքապետարանի վարչությունների, կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների իրականացրած աշխատանքներին։
Վարչության աշխատակիցները Երեւանի 4-րդ կարգի վթարային Արցախի 4-րդ նրբանցքի 8-րդ եւ 10-րդ հանրակացարաններում իրականացրել են չափագրման եւ հաշվառման աշխատանքներ՝ վերաբնակեցման աշխատանքները կազմակերպելու նպատակով.
Ուսումնասիրվել են ազդարարման համակարգի թերությունները։ Առկա 105 շչակները մայրաքաղաքի ողջ տարածքի ձայնածածկում չեն ապահովում: Ընդամենն անհրաժեշտ է 182 շչակ։ Հիդրանտների ցանցն էլ համալրման-նորոգման կարիք ունի:
Երեւանի փրկարարական վարչությունն առաջարկում է. Քանաքեռ-Զեյթուն եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում արձագանքման օպերատիվությունը բարձրացնելու համար ստեղծել հրշեջ-փրկարարական ջոկատներ:
Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ
Աշխատանքային տարին ամփոփել են նաեւ մարզային փրկարարական վարչությունները: