Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ԱԻՆ վետերան. Այսօրվա մեր զինվորը մեզնից քաջ է

ԱԻՆ վետերան. Այսօրվա մեր զինվորը մեզնից քաջ է

269
Տարածել

Արարատի մարզի Նորաբաց գյուղում բնակվող Հակոբյանների տան դուռը միշտ բաց է ծանոթ-անծանոթի առջեւ։ Արդար ձեռքով քամած մեղրի համտեսից հետո կարելի է ունկնդրել Արտակարգ իրավիճակների նախարարության վետերան Ռաֆիկ Հակոբյանի պատմությունները՝ ինքնաշեն հրացանների, գիշերները «ահուսարսափ» տարածող դաշտամկների, ռազմի դաշտում վիրավորներին օգնող կանանց, ի վերջո՝ կորսված հայրենիքի՝ Նախիջեւանի մասին։

«Շահբուզի շրջանի Օծոփ գյուղում էինք ապրում։ Բնակիչների մեծ մասը տեղահանվել էր, չորս ընտանիք էր մնացել։ Հիշում եմ՝ մեկ տարի ուշացումով դպրոց գնացի, որ միակ աշակերտը չլինեմ։ 4 դասարան կար՝ երկուական հոգով։ Բոլոր առարկաները գյուղի միակ ուսուցիչն էր դասավանդում»,- վերհիշում է Ռաֆիկ Հակոբյանը։

Հայրենի տան կարոտը տարիքի հետ ավելի զգալի է դառնում։ Հայրը հանքային ջրերի գործարանում էր աշխատում,  մայրը՝ յոթ զավակ մեծացնում։  Անհոգ մանկություն էր․ ճիպոտն առած՝գառներին սար էին տանում, հետդարձին «թռցնում» ծառերի անհաս պտուղները։

1971 թվականին վերջնականապես գաղթեցին Հայաստան։ Մինչ Արցախյան շարժումը որպես վարորդ եւ ջոկատի հրամանատար էր աշխատում Ներքին գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչությունում։ 1990 թվականին կամավոր միացավ Երասխի ինքնապաշտպանական մարտերին։ Ավելի ուշ՝ 1992 թվականի, հրշեջ պահպանության ջոկատներից կամավորական խումբ ձեւավորվեց, որը հերթապահություն էր իրականացնում Լաչինի միջանցքում։ Ցավոք, Ղոչազ (Հոչանց) սարը դարձավ նրանցից 12-ի վերջին հանգրվանը։

«Ո՛չ պետական ապարատի կամավորները, ո՛չ ֆիդայիները տեխնիկապես զինված չէին։ Երեւակայությունն էինք գործի դնում։ Նռնակ էինք տաշել տալիս, տեղադրում որսորդական հրացանի մեջ։ Վտանգավոր էր, բայց այլընտրանք չկար։ «Կամազի» պահեստամասերից էինք զենք պատրաստում։ Դեպք է եղել, երբ հայերը լապտերներն ամրացրել են էշերի մեջքին ու գիշերը բաց թողել թշնամուն ընդառաջ՝ ստիպելով նրան նահանջել»,- պատմում է ազատամարտիկը։

Միշտ ժպիտով է հիշում ջոկատին ուղեկցող 19-ամյա աղջնակին, որը վիրավորների վերքերն էր մշակում։ Կամավորները նրան զավակի պես էին ընդունում, առճակատման գնալիս խրատում, բայց ապարդյուն․ երեխայի պես ամենուր վազում էր յուրայինների հետեւից։

Պատերազմը Ռաֆիկ Հակոբյանին սովորեցրեց համարձակ լինել, ցանկացած իրավիճակում սառը դատել: Ասում է՝ երեք տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, հակատանկային նռնականետով ուղղաթիռ կործանած զինվորը նույնպես վախենում էր, բայց ապրելու ցանկությունն ավելի զորեղ դուրս եկավ։

«Ապրիլն ապացույց էր, որ մենք ունենք զինվոր, որ 18 տարեկան երեխաները մեզնից էլ քաջ են՝ պատրաստ պաշտպանելու իրենց հայրենիքն ու ընտանիքը։ Պատերազմն աղետ է, չարիք։ Մենք տեսնում ենք՝ ինչպես են սահմանից այն կողմ մայրերը ողբում իրենց զինվորի մահը։ Մայրն ամենուրեք նույնն է»,- ամփոփում է վետերանը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Ռաֆիկ ՀԱԿՈԲՅԱՆԸ