Գլխավոր Ուսուցողական նյութեր Երկրաշարժ․ երկրաշարժի հետեւանքով առաջացած հրդեհները-3

Երկրաշարժ․ երկրաշարժի հետեւանքով առաջացած հրդեհները-3

291
Տարածել

Մաս 1-ին

Մաս 2-րդ

Ինչպե՞ս են լուծվում քաղաքների վերականգնման եւ վերակառուցման խնդիրները

Ճիշտ է, երկրաշարժը փորձանք էր, բայց նաեւ՝ փորձ, էսքպերիմենտ։ Բոլոր շենքերը ենթարկվել են փորձարկման, դրանց մի մասը  դիմացել է երկրաշարժի ազդեցությանը, մյուսները՝ ոչ։ Ճշգրտորեն չենք կարող ասել, թե ինչ ազդեցության են ենթարկվել լավ պահպանված շենքերը, որոնք գտնվում են արհեստականորեն 10 բալ համարվող տեղամասում: Չնայած, եթե մանրամասն ուսումնասիրվի յուրաքանչյուր շենք, ճշտվի նրա հաշվարկային սխեման, որոշվի կրող կառուցատարրերի ամրությունը, վնասվածքների բնույթը եւ աստիճանը, կարելի է որոշել՝ ինչպիսի ուժեր են ազդել նրա վրա:

Երկրաշարժից հետո առաջարկ եղավ քանդել կամ ապամոնտաժել Գյումրիի եւ Վանաձորի վնասված շենքերը։ Ստացվում է, որ նույն տրամաբանությամբ էլ պետք է քանդել Երեւանի, այսպես կոչված, 111 սերիայի կարկասապանելային շենքերը, որոնք ոչ միայն սեյսմակայուն չեն, այլեւ դրանց ամրացումը հեշտ խնդիր չէ: Բացի դրանից՝ Երեւանում բազմաթիվ վթարային շենքեր կան, որոնք մինչ օրս կանգուն են։

Հանրապետության տարբեր մակարդակների ղեկավարները խոստանում էին, թե երկու տարում կվերականգնեն ավերված քաղաքներն ու գյուղերը: Եթե գյուղերը երկու տարում հնարավոր է վերականգնել, ապա քաղաքները, հատկապես՝ Լենինականը, հազիվ թե: Ապացույցն առայսօր ձգվող աշխատանքներն են։

1940-50-ականներին կառուցված նախկին հանրախանութի՝ «Ունիվերմագի» տեղում 1991 թվականին բացվեց «Հայբուսակ» համալսարանի «Շիրակացի» մասնաճյուղը։

Գյումրու «Շիրակ» հյուրանոցի ապամոնտաժումից հետո մնացած շենքը եւ դրա սպասարկման համար նախատեսված հողամասը կառավարությունը սեփականության իրավունքով տրամադրեց «Բասենի Գովք» ընկերությանը՝ տարածքում հյուրանոցային համալիր, առեւտրային կենտրոն եւ հանրային սննդի վայր կառուցելու նպատակով: Ընկերությունը պարտավորվել է պահպանել եւ վերականգնել կիսաքանդ շինությունում առկա թեմատիկ քանդակները:

2000 թվականին վերականգնվեց նախկին Աստղի (ներկայումս՝ Ազնավուրի) հրապարակը, որում ավելի ուշ կանգնեցվեց բարերար Շառլ Ազնավուրի արձանը։ Երկրաշարժից ավերված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները սկսվեցին 2002 թվականից։ Անիի Մայր տաճարի նմանությամբ նոր եկեղեցու կառուցման գործընթացում շինարարները հնարավորինս օգտագործել են փլուզված եկեղեցու քարերը։ 2009 թվականին շահագործման հանձնվեց Գյումրու քաղաքապետարանի նոր շենքը։ Վերաբացվեց «Հոկտեմբեր» կինոթատրոնը, վերականգնվեցին Յոթ Վերք եկեղեցու գմբեթները։ Թիվ 16 դպրոցի տեղում տեղակայվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, որը նախկինում եղել է պետական քոլեջ, Մանկավարժական ինստիտուտ, երկրագիտական թանգարան եւ նկարչական դպրոց, 2013 թվականի վերանորոգման աշխատանքներից հետո  այսօր ակտիվ գործունեություն է ծավալում։ Լենինականի գուլպա-նասկեղենի գործարանի շենքն այդպես էլ դատարկ մնաց, այժմ գործարանի մի փոքր մասն է գործում։

Ամփոփում

2018 թվականին լրացավ Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցը։ Այս ընթացքում հայ մասնագետները մեծ աշխատանք են տարել ավերիչ երկրաշարժի դասերը հասկանալու եւ դրանք ճիշտ ձեւով օգտագործելու համար: Մշակվել են սեյսմակայուն շինարարության ազգային նորմեր (ՀՀՇՆ II-2.02-94), որոնք կիրառության մեջ են մտել 1995 թվականի ապրիլից։ 2006 թվականին հաստատվել են վերամշակված նոր նորմեր (ՀՀՇՆ II-6.02-2006):

Հրատարակվել են բազմաթիվ հոդվածներ, գրքեր, որոնցում տարբեր տեսանկյուններից քննարկվում են Սպիտակի երկրաշարժին վերաբերվող հարցեր։ Այս ամբողջ տեղեկությունը հարկավոր է ի մի բերել մեկ կենտրոնում կամ մեկ ինտերնետային կայքում։ Սեյսմակայուն շինարարությունն ազգային անվտանգության կարեւոր բաղկացուցիչ մասն է, այն պահանջում է բնակչության մտավոր, ֆիզիկական, նյութական ուժերի լարում, եւ միայն դրանց արդյունավետ օգտագործման դեպքում կարող ենք վստահ լինել, որ Սպիտակի ողբերգությունն այլեւս չի կրկնվի:

Անուշ  Պողոսյան

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Փրկարարական գործ» 15-րդ խումբ,  4-րդ կուրս