Գլխավոր Վերլուծություն Դեկտեմբերի արտակարգ դեպքերը

Դեկտեմբերի արտակարգ դեպքերը

238
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2018 թվականի դեկտեմբերին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները դեկտեմբեր ամսին իրականացրել են 1197 ելք՝ 155-ով պակաս քան 2017-ի դեկտեմբերին: 413 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 493՝ կենցաղային կանչ, 76՝ կեղծ ահազանգ, 215՝ այլ դեպք: Ինչպես եւ նախորդ ամիսներին, դեպքերի զգալի մասը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումներն են:

Արտակարգ դեպքերից զոհվել է 41 մարդ (այդ թվում՝ 9 կին եւ 2 երեխա), տուժել 983 մարդ (այդ թվում՝ 308 կին եւ 164 երեխա): Փրկարարները 26 մարդու կյանք են փրկել: 2017 թվականի դեկտեմբերի համեմատ զոհերի քանակը աճել է 15-ով, տուժածներինը՝ 171-ով:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 337 ահազանգ (2017 թվականի դեկտեմբերին` 389 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 196 դեպքում (2017 թվականի դեկտեմբերին՝ 271 դեպք): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համե­մատ հրդեհների թիվը նվազել է 75-ով: 62 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2017 թվականի դեկտեմբերին՝ 62 դեպք), 73 դեպքում հրդեհի բռնկման սպառ­նալիք եւ ծխապատ գոտին, իսկ 6 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումները հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Հրդեհներից տուժել է 1 մարդ: Հրդեհների մեծ մասը՝ 154 դեպք գրանցվել է քաղաքներում, 42 դեպք՝ գյուղերում: Երեւանում գրանցվել է 111 հրդեհ:

Մարզերից ամենաշատ հրդեհներ գրանցվել են Լոռու մարզում՝ 19, ամենաքիչը Վայոց ձորի մարզում՝ 3: Ըստ համայնքների. ամենաշատ հրդեհներ գրանցվել են Լոռու քաղաքներում՝ 11 եւ գյուղերում՝ 8: Իսկ ամենաքիչ հրդեհներ գրանցվել են Վայոց ձորի քաղաքներում՝ 1 եւ գյուղերում՝ 2:

Այրվել է առավելապես աղբ՝ 59 դեպք: Սրանից բացի կրակի բաժին են դարձել առանձնատուն՝ 32, բնակելի շենք՝ 23, տրանսպորտային միջոց՝ 19, տնակ-ավտոտնակ՝ 6, անասնակեր՝ 3 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2018 թվականի դեկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 421 դեպք՝ 126-ով ավելի քան 2017-ի դեկտեմբերին: ՃՏՊ-ներից զոհվել է 34, տուժել 559 մարդ: Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ զոհվածների քանակն աճել է 10-ով, տուժածներինը` 151-ով: ՃՏՊ-ների 49,2 տոկոսը՝ 207 դեպք, բախումներն են: 124 դեպք՝ վրաերթ, 41 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 49 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանց­վել է 358 թունավորում՝ 46-ով ավելի քան 2017-ի դեկտեմբերին: Թունավորումներից զոհվել է 3, տուժել՝ 417 մարդ: Անցած տարվա դեկտեմբերի համեմատ զոհերի քանակն աճել է 3-ով, տուժածներինը՝ 16-ով: Երեւանում գրանցվել է 270 թունավորում: Մարզերից ամենաշատ դեպքեր գրանցվել են Կոտայքում՝ 18, ամենաքիչը՝ Տավուշում եւ Վայոց ձորում՝ մեկական:

Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 140 դեպք, դեղորայք՝ 78 դեպք, շմոլ գազ՝ 45 դեպք, քիմիական նյութեր՝ 44 դեպք, պարեն՝ 18 դեպք եւ այլն:

Այլ դեպքեր

2018 թվականի դեկտեմբերին հանրապետությունում գրանցվել է 5 պայթյուն, 5 մերկասառույց, 3 փլուզում, 1 օդաղետ, 1 քարաթափում, 1 ուժեղ քամի, 1 ձնաբուք եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ