Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Գիտակցության խանգարումներ․ Արձագանքում

Գիտակցության խանգարումներ․ Արձագանքում

269
Տարածել

Գիտակցության խանգարման դեպքում, անկախ դրա մակարդակից, առաջին օգնությունը հիմնականում նույնն է։ Օգնություն ցուցաբերելու համար պարտադիր չէ իմանալ գիտակցության խանգարման ճիշտ պատճառը։ Բավական է կարողանալ գնահատել գիտակցության վիճակը:

Անգիտակից տուժածը չի կարող ապահովել իր շնչուղիների անցանելիությունը եւ կարող է շնչահեղձ լինել։ Անգիտակից մարդու մկանները, այդ թվում՝ լեզուն, թուլանում են։ Լեզուն հետ է գնում եւ փակում շնչուղիները։ Կարող են լինել դեպքեր, երբ գիտակցության կորուստն ուղեկցվի փսխումով։ Սա շատ վտանգավոր է, քանի որ փսխման զանգվածը կամ այլ հեղուկներ կարող են խցանել շնչուղիները։ Իսկ այս խցանումը կբերի շնչառության դադարի կամ սրտի կանգի։ Այդ իսկ պատճառով կտրականապես արգելվում է անգիտակից վիճակում գտնվող մարդուն տալ որեւէ հաբ, ջուր, կերակրել կամ փսխում առաջացնել, ատամների միջեւ դնել փայտիկ կամ որեւէ գործիք։ Արգելվում է անգիտակից վիճակում գտնվող կամ մթագնած գիտակցություն ունեցող տուժածին խմեցնել։ Շնչուղիների խցանումը շնչառության դադարի պատճառ կարող է հանդիսանալ, որն իր հերթին կարող է բերել սրտի կանգի։

Գիտակցության խանգարման դեպքում առաջին օգնության քայլերը հետեւյալն են․ապահովեք տուժածի անվտանգությունը, եթե լրիվ անգիտակից չէ, փորձեք հանգստացնել նրան, պաշտպանեք գերտաքացումից եւ գերսառեցումից, օգնեք հարմար դիրք ընդունել, ահազանգեք արագ արձագանքման ծառայություններին, վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալներն ու փոխանցեք դեպքի վայր հասած մասնագետներին։

Մի՛ թողեք անգիտակից տուժածին առանց հսկողության։ Մնացեք տուժածի կողքին մինչեւ շտապօգնության ժամանելը։

Խոսեք տուժածի հետ, տվեք պարզ հրահանգներ՝ բացիր աչքերդ կամ սեղմիր ձեռքս։ Գիտակից տուժածն արձագանքում է ձեզ։ Եթե չի արձագանքում, հնարավոր է, որ լսում է։ Բարձրաձայն ասեք, թե ինչ եք պատրաստվում անել։ Դա կօգնի նաեւ ձեզ խուճապի չմատնվել եւ ճիշտ գործել։ Եթե մինչեւ շտապօգնության ժամանելը տուժածի գիտակցությունը վերականգնվում է, միեւնույն է, նա դեռ բժշկական օգնության կարիք ունի։

ՀԻՇԵՔ

Ճիշտ արձագանքը փրկության գրավականն է: