Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հերթապահություն Վարդենիս-Սոթք ճանապարհի ոլորաններին

Հերթապահություն Վարդենիս-Սոթք ճանապարհի ոլորաններին

359
Տարածել

Գեղարքունիքի մարզ-Արցախ՝ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի 27-րդ կիլոմետրին տեղադրված առաջնային օգնության վրանային հենակետը շարունակում է ուժեղացված հերթապահություն իրականացնել։ Ձմեռային զորակոչն ընթացքի մեջ է, ինչը նշանակում է, որ Արցախի զորամասերում ծառայող նորակոչիկների երդման արարողությանն ընդառաջ M11 ճանապարհը ծանրաբեռնված է լինելու։

Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Մնացական Փոստոյանի խոսքով՝ Արցախ մեկնող մեքենաների 80 տոկոսն այս ճանապարհն է ընտրում։ Կառավարության որոշմամբ նախորդ տարի հիմնանորոգվել է Վարդենիս-Սոթք ճանապարհահատվածի 38-43-րդ կիլոմետրը, որի ցանցային ճաքերն ու փոսերը խոչընդոտում էին նորմալ երթեւեկությանը։ Կատարվել են հողային աշխատանքներ, գծանշումներ, կառուցվել են կողնակներ, իջատեղեր ու մուտքեր, տեղադրվել են ճանապարհային նշաններ, արգելափակոցներ եւ ազդանշանային սյուներ։

«Մեր սպասարկման տարածքում ոլորաններ են, որտեղ սովորաբար ուժեղ քամիներ, մերկասառույց եւ ցածր տեսանելիություն է լինում։ 2018 թվականի ամռանն այս հատվածում հզոր հողմաէլեկտրակայաններ են տեղադրվել արտասահմանյան կազմակերպությունների ֆինանսավորմամբ։ Բավական է՝ ամառային անվադողերով մի մարդատար մեքենա արգելափակվի, եւ շղթայական խցանում է գոյանում, ճանապարհը երկկողմանի փակվում է։ Նախորդ տարիներին մինչեւ 100 մեքենայի արգելափակման ահազանգ ենք ունեցել»,- մանրամասնեց հրամանատարը։

Բարեբախտաբար այս տարի եղանակը բարենպաստ է, տեղումներն ու մառախլապատ օրերը՝ սակավ։ Այդուհանդերձ վրանային հենակետն օրվա ցանկացած ժամի տեսանելի եւ հասանելի է բոլոր քաղաքացիների համար։ Ջոկատի շարժական վագոն -տնակը ջեռուցվում է, ստեղծված են պայմաններ գիշերակացի համար։

Դեկտեմբերի 27-ից առայսօր հերթապահներն արձագանքել են հիմնականում մեքենայի խափանման կամ վառելիքի պակասության վերաբերյալ կանչերի, տեղանքին անծանոթ մարդկանց տրամադրել անհրաժեշտ տեղեկություն։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները