Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Արգելափակումից հանվել է 101 մեքենա

Արգելափակումից հանվել է 101 մեքենա

278
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ 302 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 87 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 17 կեղծ կանչ:

Փրկարարները 90 կենցաղային կանչ են ստացել, որից 76-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Աջափնյակ, Ավան, Կենտրոն, Արաբկիր, Նոր նորք, Շենգավիթ վարչական շրջանների փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 101 մեքենա (188 ուղեւորով) է հանվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր. Մալաթիա-Սեբաստիայի փրկարարները կեսգիշերն անց մի քաղաքացուց ահազանգ են ստացել, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն անհանգստացնում են եւ ինքը պատրաստվում է ինքնասպանություն գործել: Դեպքի վայր հասած փրկարարները պարզել են, որ քաղաքացին հոգեպես անհավասարակշիռ վիճակում է: Հոգեբան-փրկարարը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: